Իշխանությունների կեցվածքը ցույց է տալիս, որ նրանք պատրաստ են զիջումների միայն մի դեպքում` եթե ժողովուրդը ցուցադրում է իր ուժը: Այս մասին «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Ես ոչ մի կանխատեսում չեմ ցանկանում անել, բայց ես կոչ եմ անում ժողովրդին պատրաստ լինել զանգվածային բողոքների, կոչ եմ անում պատրաստ լինել այն բանին, որ ժողովուրդը նորից պետք է ցուցադրի իր ուժը», – ասել է Զուրաբյանը:
Այնուամենայնիվ, Զուրաբյանի խոսքով, իրենք դեռ բոլոր կամուրջներն այրված չեն համարում և հենց այդ պատճառով ընդամենը առկախել են երկխոսությունը և պատրաստ են ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման դեպքում վերսկսել այն և «օգտագործել սեպտեմբերին արդյունավետ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը»:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության հետ բանակցող իշխանական կոալիցիայի պատվիրակության անդամ Գագիկ Մինասյանը երեկ ասուլիսի ժամանակ չէր բացառել բանակցությունների տապալման դեպքում բախումների հավանականությունը:
«ՀԱԿ-ում կան ուժեր, որոնք կարծում են, որ կառուցողական մոտեցումը չի մտնում իրենց մարտավարության մեջ, թերևս մարդկանց մի մասը ՀԱԿ-ում գտնում են, որ վտանգավոր է իրենց համար քննարկումների ընթացքը, որը պետք է անխուսափելիորեն սկսվեր մեր կողմից փաստաթղթի հրապարակումից հետո, ուստի դա բացառել հնարավոր չի»,- ասել էր Մինասյանը: