Շինարարությանը հարող տարածքներում կառուցապատողները պարտավոր են քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների երթևեկության համար ապահովել անվտանգ ու հարմարավետ տեղաշարժ: Այս մասին այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
«Մայրաքաղաքում պետք է ձևավորվի և պահպանվի շինարարության մշակույթը: Սկսած նրանից, թե շինհրապարակը ինչպես եք կազմակերպում, որ հարմարավետ լինի Երևանի ու երևանցիների համար, ինչ քայլեր եք ձեռնարկում, որ շինանյութ մատակարարող մեքենաները չկեղտոտեն քաղաքը և այլն», – ասել է Կարապետյանը:
Քաղաքապետի կողմից պահանջ է դրվել խստորեն հետևել ոչ միայն այդ չափորոշիչների, այլև շինարարության ժամկետների պահպանմանը. «Մենք դիմել ենք բոլոր այն կառուցապատողներին, ովքեր խախտել են շինարարության ժամկետները: Մենք չենք ուզում խոչընդոտել կառուցապատողների աշխատանքին: Հակառակը, փորձում ենք ստեղծել համապատասխան միջավայր և հետադարձ կապ, որպեսզի կարողանանք խնդիրները հասկանալ և համակարգված աշխատանքի արդյունքում լուծումներ գտնել»,- ասել է քաղաքապետը:
Քաղաքապետարանում բավականին պարզեցվել է շինարարական ծրագրերի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը, բացի այդ, հստակ պահպանվում են փաստաթղթերի տրամադրման սահմանված ժամկետները:
Հանդիպման մասնակիցներին ներկայացնելով քաղաքապետարանի ներդրումային առաջարկները` Կարեն Կարապետյանը նշել է, որ այդ ծրագրերը կարող են հետաքրքրել հնարավոր ներդրողներին. «Դրանք «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման, «Արտ Վիլիջ» ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծման, «Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոնի կառուցման, գլխավոր պողոտայում «Հին Երևան» անվանումով խոշոր քաղաքաշինական ներդրումային առաջարկներն են, ինչպես նաև հյուրանոցային համալիրների կառուցման և Հրազդանի կիրճում բարեկարգման և հանգստի գոտու ստեղծման նախագծերն են»,- Կարապետյանի խոսքերն է փոխանցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: