2008 թվականի Մարտի 1-2-ի արյունալի դեպքերը նկարագրող Youtube վիդեոհոսթինգում հայտնված ոստիկանական հագուստով կրակողներին պատկերած տեսանյութը փորձաքննության ենթարկելու համար երկու օր առաջ գլխավոր դատախազը գրություններով դիմել է ԱԳՆ-ին, որպեսզի վերջինս դիվանագիտական ճանապարհով տվյալ գրություններն ուղարկի եվրոպական մի շարք կառույցներին՝ առաջարկելով միջազգային փորձագետներ ներգրավել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Մարտի 1-2-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:
Տեսանյութը կոչվում է «Ահա թե ինչպես են կրակում 2008թ. մարտի 1-ին»: Քննչական խմբի ղեկավարը նշել է, որ հայտնի տեսանյութն իրենց մոտ փորձաքննության է ենթարկվել, սակայն իրենց կենտրոնում լիարժեք հնարավորություն չի եղել բոլոր հարցերին հստակ պատասխաններ տալ, ինչպես նաև հնարավոր չի եղել լուծել անձի նույնացման հարցը: Քննչական խմբի նպատակն այն է, որ միջազգային փորձագետները ստանան կրակող անձի նույնականացման համար պիտանի տեսապատկերներ:
Հարությունյանը նաև նշել է, որ գրություններում իրենք պատրաստակամություն են հայտնել փորձաքննությունն անցկացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: