Home / Հայաստան / Առևտրի կետերում տասնյակ խախտումներ են հայտնաբերվել. հարուցվել է վարչական վարույթ

Առևտրի կետերում տասնյակ խախտումներ են հայտնաբերվել. հարուցվել է վարչական վարույթ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից հուլիսի 26-ին և 27-ին կատարված մարզային այցելությունների ընթացքում տեղի առևտրի կետերում հայտնաբերվել էին տասնյակ խախտումներ:

Մասնավորապես, Կոտայքի և Արմավիրի մարզերի մի քանի առևտրի կետերում կատարված դիտանցումները փաստեցին, որ սպառողական ապրանքները վաճառվում են օրենքի խախտումներով: Առանց արտադրության տարեթվի, պահպանման ժամկետի, հայերեն մակնշման և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության, վաճառքում առկա էին սառեցված հավ, հավի միս, հրուշակեղեն, մեղր, կաթնամթերք, տնտեսական մի շարք ապրանքներ:

ՏՄՊՊՀ աշխատակիցները տեղում կատարել են հսկիչ գնում և կազմել են  արձանագրություն: Հանձնաժողովը դիմել է տնտեսվարող սուբյեկտներին՝ պահանջելով տեղեկատվություն՝ վերոնշյալ ապրանքների մատակարարների վերաբերյալ, որն արդեն ստացվել է:

«Տնտեսական  մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտումների առնչությամբ Հանձնաժողովը որոշեց հարուցել վարչական վարույթ՝ 16 տնտեսվարողների նկատմամբ: Վարույթի արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետում կտեղեկացվի հանրությանը:

Ըստ Հանձնաժողովի` համաձայն օրենքի,  տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մոլորեցում է համարվում որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, ապրանքի արտադրության կամ պահպանման ժամկետի, արտադրող կամ ներկրող տնտեսվարող սուբյեկտի անվան, հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր այլ նշումների բացակայությունը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության», – ասված է :

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը հայտնաբերված խախտումների մասին ողջ տեղեկատվությունը փոխանցել է նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: