ԼՂՀ-ն փորձելու է հասնել միջազգային ճանաչման` անկախ նրանից` ճանաչվել են այլ չճանաչված պետություններ, թե ոչ, քանի որ դրա համար բացառապես բոլոր հիմքերը կան` պատմական, իրավական, քաղաքական, թե բարոյական: Այս մասին «Նեզավիսիմայա գազետա» թերթի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը մեր պետության առջև դրված առաջնային խնդիրներից մեկն է համարվում: Ըստ էության, մեր անկախության չճանաչման համար իրավական հիմքեր չկան, և այս հարթության վրա մեր փաստարկներն անթերի են: Այլ հարց է, որ աշխարհաքաղաքական դրդապատճառներ կան, տարբեր բնույթի շահեր և այլն, որոնք մի փոքր դանդաղեցնում են մեր անկախության ճանաչման գործընթացը»,- նշել է նախագահը:
Նրա խոսքով`աշխարհաքաղաքականությունը և շահերի բախումը նահանջում են իրավունքի և բարոյականության առջև, որի ակնհայտ վկայությունն է վերջին երե- չորս տարիների ընթացքում նախկինում չճանաչված պետությունների ճանաչման գործընթացի անցումը որակապես նոր փուլ:
«Այդուհանդերձ, մեզ համար անկախության հասնելը չի կանխորոշվում միայն համապատասխան նախադեպերի առկայությամբ»,- եզրափակել է Բակո Սահակյանը` նկատի ունենալով Աբխազիան և Հարավային Օսիան: