ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայրենասեր և աշխատող մարդ է, այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` խոսելով օգոստոսի 26-ին ԼՂՀ-ում զոհված զինծառայող Աղասի Աբրահամյանի մասին, և հարցրել է ներկաներին. «Եթե մի տեղ տենց բան ա կատարվել, ինչի՞ եք ուզում անպայման կապեք Սեյրան Օհանյանի հետ»:
ՀՀ ոստիկանապետի խոսքով` անպայման չէ բանակի հետ կապված հարցերը հնչեցնել փողոցում:
«Դուք ինչի՞ եք որոշել էդ հարցն անպայման փողոցում հնչեցնեք, միգուցե էդ հարցը ուրիշ մի տեղ` պետական ատյաններում… դուք փորձե՞լ եք հանդիպել Սեյրան Օհանյանի հետ»,- լրագրողներին հարցրել է Ալիկ Սարգսյանը:
Երբ լրագրողները պատասխանել են, որ Սեյրան Օհանյանը խուսափում է ցանկացած հանդիպումից, ոստիկանապետը խոստացել է այդ հարցով խոսել պաշտպանության նախարարի հետ:
«Ես հիմա կասեմ իրան, որ ժողովուրդը բողոք ունի, ուզում ա հանդիպեք, ինքն էդքան ինտելեկտ ունի, էդքան հնարավորություն ունի, էնքան էլ հայրենասեր ա, որ կարա ձեր հարցերին լրիվ պատասխանի` առանց որևէ բան թաքցնելու: Իմ կարծիքով` այդ երևույթն ավելի շատ ինքը կմեղադրի, քան ստեղ կանգնած որևիցէ մեկը: Ես չեմ կարծում, որ որևիցե մեկը ներվի, եթե ձեր ասած սպանություն է կատարվել: Ես չգիտեմ` «Եղնիկներ»-ում ինչ ա կատարվել, ես չեմ կարա անպատասխանատու հայտարարություններ անեմ», – ասել է Սարգսյանը:
Նշենք, որ Սեյրան Օհանյանն այսօրվա կառավարության նիստին ներկա չի եղել: