Սեպտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից (Կորյուն 19ա) կմեկնարկի երթ` ի պաշտպանություն Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի:
Հիշեցնենք, որ Առաքելյանը Կոնգրեսի 6 ակտիվիստների հետ միասին բերման է ենթարկվել այս տարվա օգոստոսի 9-ին` Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ էր մնացել միայն Առաքելյանը: Նրան և Արտակ Կարապետյանին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ Սարգիս, Արեգ, Վահագն Գևորգյանները, Սահակ Մուրադյանը և Դավիթ Քիրամիջյանը խուլիգանության մեջ:
Նշենք նաև, որ Կոնգրեսը օգոստոսի 26-ին առկախել է Կոնգրես-իշխանություն երկխոսությունը` պահանջելով փոխել Առաքելյանի խափանման միջոցը: