Armenian Bar Association-ի տնօրեն Էդվին Մինասյանն իր կազմակերպության անդամների անունից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ է տարածել, որը վերաբերում է օգոստոսի 26-ին ԼՂՀ-ում զոհված զինծառայող Աղասի Աբրահամյանին:
«Որպես Armenian Bar Association-ի անդամներ, որն ամբողջ աշխարհում ընդգրկում է բազմաթիվ փաստաբաններ, իրավաբաններ, դատավորներ ու գիտության ներկայացուցիչներ, պարտավոր ենք մեր խորը մտահոգությունը հայտնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի անդամ տասնութամյա զորակոչիկ Աղասի Աբրահամյանի` ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահվան վերաբերյալ:
Մենք վստահ ենք, որ Դուք պարտավորված եք զգում արդարություն և հավասարություն ապահովել բոլոր զինվորների համար`անկախ դասային ու խավային պատկանելությունից: Որպես գլխավոր հրամանատարն այն բանակի, որ պաշտպանել է իր հայրենիքն ու պատմական հաղթանակներ գրանցել Արցախի ազատագրման համար պայքարում, Դուք, առավել քան այլ ոք, գիտեք, թե ինչքան կարևոր են միահամուռ կապվածությունը, թիմային աշխատանքի ոգին և փոխադարձ հարգանքը ստորադաս ու վերադաս անձնակազմերի միջև: Նման ռազմական կառույցում ոչ մի կերպ չեն կարող հանդուրժվել մարդու իրավունքների չարաշահումները», – նշված է բաց նամակում:
Կազմակերպության անդամները նաև ողջունում են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերջին գործողությունները, ով ղեկավարում է Աղասի Աբրահամյանի մահվան առնչությամբ հետաքննությունը և արդեն հայտարարել է մի քանի կասկածյալների ձերբակալության մասին:
Նամակի հեղինակները հիշեցնում են 1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայի 5-րդ մասում գրված հետևյալ նախադասությունը. «Ոչ մի անձ չպետք է ենթարկվի բռնության կամ դաժան, անմարդկային և ստորացուցիչ պատժամիջոցի», և խնդրում են ՀՀ նախագահը պատվիրի այս ձևակերպմանը համահունչ հետաքննություն անցկացնել բանակում կատարվածի մասին հայտարարությունների վերաբերյալ և դիտարկի համակարգային մակարդակով տեղի ունեցող չարաշահումները` «բանակը բարեփոխելու և հետագա նման նախադեպերն ու չարաշահումները կանխարգելելու վճռականությամբ»: