Հելսինկյան ասոցիացիան 4 ավազակային հարձակումների մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի քրեական գործով մոնիտորինգ իրականացնելու ընթացքում գրանցել է մի շարք խախտումներ, որի առնչությամբ բաց նամակ է ուղարկել ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:
Նամակում Հելսինկյան ասոցիացիան նշում է, որ Արմեն Մարտիրոսյանին հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են Գյումրիում և բերման ենթարկել Երևանի Արաբկիր համայնքի ոստիկանական բաժանմունք` ճանապարհին և բաժանմունքում նրան ծեծի և խոշտանգումների ենթարկելով:
Դրանից 2-3 օր հետո վերջինիս տեղափոխել են մանկական գաղութ, որտեղ նաև մայրն է տեսել իր որդու մարմնի վրա խոշտանգման հետքերը:
«Ձերբակալման պահին Մարտիրոսյանը եղել է անչափահաս, սակայն հարցաքննություններին և այլ քննչական գործողություններին ներկա չի գտնվել վերջինիս օրինական ներկայացուցիչը: Խոշտանգումների միջոցով ոստիկանության աշխատակիցները ցանկացել են կորզել իրականությանը չհամապատասխանող ինքնախոստովանական և գործով անցնող այլ մեղադրյալների դեմ զրպարտչական ցուցմունքներ` ավազակային հարցակում կատարելու մի քանի դրվագներով, որոնց մասնակից Մարտիրոսյանը չի եղել, խոշտանգումներից փրկվելու համար Արմեն Մարտիրոսյանը գաղութում ինքնասպանության փորձ է կատարել կտրելով երակները: Այնուամենայնիվ, քրեական գործը անհիմն մեղադրանքով ուղարկվել է դատարան: Դատաքննության ընթացքում Մարտիրոսյանը երկու անգամ ևս ինքնասպանության փորձ է կատարել, վերջինը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին», – նշում են նամակի հեղինակները:
Հելսինկյան ասոցիացիան նշում է, որ տվյալ խնդրի կապակցությամբ Արդարադատության նախարարին հասցեագրված մի գրության պատասխան չի ստացել, ինչը «առիթ է տալիս մտածելու, որ ՀՀ Արդարադատության նախարարը չի ստանում իրեն հասցեագրված գրությունները, թեև բոլոր գրությունները ուղարկվել են պատվիրված նամակով»:
Այդ իսկ պատճառով Հելսինկյան ասոցիացիան որոշում է կայացրել բաց նամակով դիմել Հրայր Թովմասյանին վստահ լինելու համար, որ այս ճանապարհով վերջինս կծանոթանա բողոքին և միջոցներ կձեռնարկի «նշված անօրինականությունները վերացնելու ուղղությամբ»: