Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր իր երկրորդ հաղթանակը տարավ Եվրո-2013-ի ընտրական փուլում: Մրցաշարի առաջին խաղում մեր թիմը սեփական հարկի տակ հաղթել էր Չեռնոգորիայի հավաքականին 4:1 հաշվով, իսկ սեպտեմբերի 3-ին հայաստանցիները Անդորրայում պարտության մատնեցին տեղի ընտրանուն:
Նշենք, որ չնայած մրցակիցը բավական թույլ էր և խմբում արդեն 3 պարտություն էր կրել, Հայաստանի հավաքականի համար հանդիպումը բավական ծանր ստացվեց:
Մեր թիմն առաջին խաղակեսը բավական ակտիվ սկսեց՝ ստեղծելով առաջին գոլային պահը, երբ Հովհաննես Համբարձումյանի հարվածից հետո մրցակցին փրկեց դարպասաձողը: Անդորրան պատասխանեց Ջոզեֆ Վալի պահով. անդորրացին վրիպեց հարմար դիրքից: Երկրորդ խաղակեսում հայաստանցիների առավելությունն էլ ավելի մեծ դարձավ, դարպասը գրավելու լավ հնարավորություններ կորցրեցին Վալտեր Պողոսյանը, Հովհաննես Համբարձումյանը և Գևորգ Բադալյանը:
Անդորրացիներին շատ քիչ էր մնացել անակնկալ մատուցելու համար. 85-րդ րոպեին Վալտեր Պողոսյանը փոխանցում ստացավ Էդգար Մալաքյանից, շրջանցեց դարպասապահին և գրավեց մրցակցի դարպասը:
Նվազագույն հաշվով հաղթանակից հետո Հայաստանը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջորդ հանդիպումը մեր երիտասարդները կանցկացնեն սեպտեմբերի 6-ին Չեխիայում: Նշենք, որ Չեխիայի հավաքականը 1 հանդիպում է անցկացրել խմբում՝ հաղթելով Անդորրային: