Home / Հայաստան / «Բանակը խելքի չբերեց». Մեղադրում են Սեյրան Օհանյանին

«Բանակը խելքի չբերեց». Մեղադրում են Սեյրան Օհանյանին

«Եղնիկներում» (զորամաս ԼՂՀ-ում – խմբ.) կատարված Աղասի Աբրահամյանի խայտառակ սպանության ողջ պատասխանատվությունն ընկնում է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:

 

«Չի կարելի մեր տարածաշրջանում նման բանակ ունենալ: Էդ մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ: Թեկուզ եթե միջոցներ չկա, էդ միջոցները պետք է հայթայթվեն, որպեսզի լրջագույն զբաղվեն մեր երեխաների կյանքի հարցով: Այն մայրը, որը խաղաղ պայմաններում որդի է կորցնում… դա ոչ մի կերպ պատճառաբանված չէ: Երբ որդին զոհվում ա պատերազմի դաշտում, փառք էդ մորը: Եվ այս ամեն ինչի առաջին ու վերջին պատասխանատուն նախարարն ա, որ էդպես էլ մեր բանակը խելքի չբերեց», – ասել է Եղիազարյանը:

 

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը մահացել է օգոստոսի 26-ին: Նախնական տեղեկությունների համաձայն, մահվան պատճառ է դարձել ծեծը: Նա կռիվ է արել մեկ այլ զինծառայողի հետ, որից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Աբրահամյանին տեղափոխել են բուժկետ, որտեղ բուժկետի ղեկավարը ծեծի է ենթարկել Աբրահամյանին` պատաճառաբանելով, որ վերջինս սիմուլյացիայի է դիմում: Դրանից հետո Աբրահամյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ մեկ ժամ անց մահացել է: Այժմ նախաքննությունը պետք է պարզի, թե որ վնասվածքներն են մահացու եղել երիտասարդի համար: Բացի դա, բուժկետի ղեկավարը մեղադրվում է նախնական սխալ բժշկական եզրակացություն տալու համար:

 

19-ամյա զինվորի գործով արդեն ձերբակալվել են մեկ սպա, մեկ զինվոր և բուժկետի ղեկավարը: