Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հակառակորդների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել երկուշաբթի առավոտյան Կահիրեի ոստիկանության ակադեմիայի շենքի դիմաց, որտեղ անցնում է նախկին նախագահի, նրա որդիներին և երկրի Ներքին գործերի նախկին նախարարի գործով երրորդ դատական նիստը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ակադեմիայի հարակից հրապարակում հավաքված նախկին նախագահի հակառակորդները ոստիկանության ուղղությամբ քարեր են նետում, փորձում են քանդել դատարանի մուտքը փակող մետաղական պատնեշները:
Հասարակական վրդովմունքի առիթ է դարձել դատավոր Ահմեդ Ռիֆատի` լսումները հեռարձակելու արգելքը: Եգիպտոսի հեղափոխության ընթացքում զոհվածների և տուժածների հարազղատները փորձել են ուժով մտնել դահլիճ, որպեսզի ներկա գտնվեն նիստին:
Ներքին գործերի նախարարությունը անվտանգության աննախադեպ միջոցառումներ է կիրառել: Դատարանը շրջապատված է ոստիկանության ամուր օղակով:
Ոստիկանության ակադեմիայի մոտ հավաքվել են Հոսնի Մուբարաքի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ, որոնց թիվը մի քանի հարյուրի է հասնում: