2009 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի հետ զրույցում նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի հարցով «10 տարի է վատնվել, որի ընթացքում Հայաստանը համեմատելիորեն թուլացել է, իսկ Ադրբեջանը թե՛ տնտեսապես, թե՛ ժողովրդագրական առումով համեմատաբար ավելի է հզորացել»:
Օգոստոսի 17-ին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի կողմից ԱՄՆ Պետդդեպ ուղարկված փաստաթուղթը գատնազերծել է WikiLeaks կայքը:
Տեր-Պետրոսյանը նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի պես շրջափակման պատճառով մեկուսացված չի եղել: Ավելին՝ նա ասաց, որ հայկական իշխանությունները ոչ լեգիտիմ են և խոցելի»:
Խոսելով Հայ Ազգային Կոնգրեսի մասին` ՀՀ առաջին նախագահը նշել է, որ իրենք կարգավորման դեմ խոչընդոտներ չեն ստեղծի:
«Եթե այժմ Հիմնարար սկզբունքներին համապատասխան որևէ լուծում չլինի, ապա հաջորդ լուծումը կամ առաջարկը ավելի վատը կլինի կամ կլինի պատերազմ: Տեր-Պետրոսյանը, սակայն, ավելացրեց, որ եթե պարզվի, որ արդյունքում Սարգսյանը վատ լուծում է բանակցել, ապա ՀԱԿ-ը կանի իրենից կախված ամեն ինչ` այդ լուծումը թույլ չտալու համար», – գրում է Յովանովիչը:
Նա պատմել է, որ ԼՂՀ հարցի` Մինսկի խմբի կողմից քննարկման փուլում գտնվող կարգավորման տարբերակի առումով Բրայզան նշել է, որ «ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունն օգնեց հստակեցնել կարգավորման շրջանակը երկու երկրների ժողովուրդների համար»:
«Չնայած այն բանի, որ հայտարարության մեջ նշված 6 հարցերն անդրադառնում էին ամենաբարդ խնդիրներին, սակայն առավել ընդարձակ մանրամասներ չհրապարակվեցին՝ ժողովուրդներին չցնցելու կամ շոկի մեջ չգցելու համար», – Բրայզայի խոսքերը մեջբերում է Յովանովիչը:
ԱՄՆ դեսպանը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են նաև քաղբանտարկյալների մասին: Տեր-Պետրոսյանը նշել է, որ «մեծ սխալ» կլինի, եթե բոլոր քաղբանտարկյալներին բաց չթողնեն համաներման միջոցով, և կոչ է արել Բրայզային տվյալ հարցում հանդես գալ որպես միջնորդ:
««Եթե քաղբանտարկյալների խնդիրը չլուծվի, մենք ստիպված կլինենք մոբիլիզացվել կառավարության դեմ», – ասաց Տեր-Պետրոսյանը և արագ ավելացրեց` «միայն սահմանադրական միջոցներով»», – նշում է Մարի Յովանովիչը:
Կողմերը զրույցել են նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին:
«Այս առումով Տեր-Պետրոսյանը նշեց, որ ՀԱԿ-ը կողմնակից է ՀՀ կառավարության վրա ճնշում գործադրելուն, սակայն ոչ հասարակ քաղաքացիների տառապանքի հաշվին», – նշվում է ԱՄՆ դեսպանի նամակում: