Արտասահմանցի դիվանագետները միշտ օգտագործում են Հայաստանում տեղի ունեցող ընտրությունները երկրի վրա ճնշում գործադրելու համար, մինչդեռ «դիվանագիտական կորպուսը չպետք է քաղաքականացնի այդ ընտրությունները»: Այս մասին 2009 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ հեռախոսազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով 2009 թվականի մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունների մասին հարցին: WikiLeaks կայքը ներկայացրել է Յովանովիչի ԱՄՆ Պետդեպին ուղղված նամակը, որտեղ վերջինս ներկայացնում է զրույցի մանրամասները:
Ի պատասխան արտասահմանցի դիվանագետների մասին Քոչարյանի դիտարկմանը, Յովանովիչը նշել է, որ ԱՄՆ-ն չի միջամտում Հայաստանում անցկացվող ընտրություններին, բայց դեսպանատունն ամենայն ուշադրությամբ հետևելու է գալիք ընտրություններին, քանի որ դրանք ազդեցություն են ունենալու Հայաստանի բնակչության կեսի վրա:
Այնուամենայնիվ, Քոչարյանը շարունակել է պնդել, որ «խնդիրը փոքր երկրներում, ինչպիսին մերն է, կայանում է նրանում, որ ճնշումը միշտ գալիս է արտաքին աշխարհից` կամ Մոսկվայից, կամ Բրյուսելից, կամ էլ Վաշինգտոնից»:
«Դուք խեղաթյուրում եք մեր քաղաքական գործընթացները` հարմարեցնելով դրանք ձեր սեփական շահերին», – ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Ռոբերտ Քոչարյանը նաև ասել է, որ «ԱՄՆ դեսպանատունը կուսակցություն էր դարձել մեր ընտրությունների ժամանակ (չի նշվում կոնկրետ որ ընտրությունների մասին է խոսքը – խմբ.)»:
Նրա խոսքով` ընտրությունների ընթացքում ամենավատը բրիտանացիներն են (իրենց իմպերիալիստական պատմության պատճառով), այնուհետև ամերիկացիները և ժամանակ առ ժամանակ ֆրանսիացիները:
«Ընդդիմությունն օգտագործում է ձեզ բոլորին, ինչը բարդացնում է իրավիճակը»,- Յովանովիչին ասել է Քոչարյանը:
ԱՄՆ դեսպանը գրում է, որ ինքը բացարձակապես չի համաձայնել Քոչարյանի հետ և հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն որևիցէ մեկի կողմը չի անցել որևէ ընտրություններում:
Այն հարցին, թե արդյոք Քոչարյանը պատրաստվում է ներգրավվել մայիսի 31-ի ընտրություններում, վերջինս բացասական պատասխան է տվել` պատճառաբանելով, որ ՀՀԿ և ԲՀԿ-ն կհաղթեն:
«Եթե ես մտածեի, որ նրանք կարող են պարտվել, ես կխառնվեի», – ասել է Քոչարյանը:
Նա նաև ասել է, որ ինքն համաձայն չէ իշխող կոալիցիայի այն որոշուման հետ, համաձայն որի կուսակցությունները պետք է առանաձին-առանձին մասնակցեն ընտրություններին:
«Ես այնպես կանեի, որ նրանք մեկ միասնական թեկնածու լիներ, ով կներկայացներ ողջ կոալիցիան», – նշել է ՀՀ երկրորդ նախագահը:
Քոչարյանն ասել է, որ նա նաև համաձայն չէ Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուի ընտրության հարցում (գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյան):
Զրույցի վերջում Քոչարյանը հավաստիացրել է դեսպանին, որ, չնայած ընդդիմությունը ձգտում է քաղաքականացնել ընտրությունները, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն այս անգամ չեն կրկնվի: