Home / Հայաստան / Օսկանյանն աշխատո՞ւմ է Քոչարյանի հետ. ԱՄՆ դեսպանի և ԱԳ նախկին նախարարի զրույցը

Օսկանյանն աշխատո՞ւմ է Քոչարյանի հետ. ԱՄՆ դեսպանի և ԱԳ նախկին նախարարի զրույցը

ՀՀ նախկին արտգործանախարար Վարդան Օսկանյանը 2008 թվականի նոյեմբերի 14-ին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննադատել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա միտումները:

Յովանովիչը ներկայացրել է իրենց զրույցը ԱՄՆ Պետդեպ ուղարկված փաստաթղթում, որը գաղտնազերծել է WikiLeaks կայքը:

Հանդիպման ընթացքում Վարդան Օսկանյանը նշել է, որ ժողովրդավարության առումով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «նույնն էր անում», բայց «այժմ իրավիճակն ավելի վատ է»:

«Օսկանյանն ասաց, որ չգիտի` արդյոք Սարգսյանը քաղաքական լուծում կտա մարտի 1-ի գործով ձերբակալվածների խնդրին, ինչպես, օրինակ, համաներման միջոցով: Նա, այդուհանդերձ, ընդգծեց այն փաստը, որ ծանոթ է Սարգսյանի` մարտ ամսին արտահայտած դիրքորոշմանը: Այն ժամանակ իրենք հանդիպում էին, և Սարգսյանը ցանկանում էր ինչ-որ բան անել այս առնչությամբ», – գրում է Յովանովիչը:

Օսկանյանի խոսքով` Քոչարյանը քաղաքական ասպարեզ մտնելու ցանկություն ունի, սակայն այս պահին աշխատում է խորհրդարանական ընտրությունների ուղղությամբ, որին ընդառաջ նա կարող է իր սեփական կուսակցությունը ստեղծել:

Այդուհանդերձ, նրա քաղաքական նոր դեբյուտի ժամկետները կախված են երկրում տեղի ունեցող զարգացումներից և, եթե հնարավորություն ընձեռնվի, նա կօգտվի դրանից:

ՀՀ նախկին արտգործնախարարը պատմել է, որ Քոչարյանը հանդիպում է կուսակցության առաջնորդների և այլ քաղաքական գործիչների հետ, և ասում է, որ նրանք իր հետ աշխատելու շահագրգռվածություն ունեն:

Օսկանյանը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե նախագահ Քոչարյանը ցանկանում է մոտ ապագայում քաղաքական դաշտ վերադառնալ և որ Օսկանյանն օգնում է նրան: Նա ասել է, որ Քոչարյանին վարչապետի դերում չի տեսնում, քանի որ այդ դեպքում նա երկրորդ համարը կլինի: Նա հավելել է, որ Քոչարյանն այժմ շատ է ճանապարհորդում, և դեռևս նման մտադրությունների մասին չի հայտնել:

Յովանովիչն ընդգծում է, որ զրույցի ժամանակ Օսկանյանը Հայաստանում եզակի կարծիք է արտահայտել այն մասին, որ երկրի տնտեսական զարգացումը կախված է ժողովրդավարական զարգացումներից, այդ թվում` անկախ և պրոֆեսիոնալ դատական համակարգից, խոսքի ազատությունից և ԶԼՄ-ների անկախությունից: «Հայերը լավագույնն են, երբ ազատ են», – ասել է Օսկանյանը:

Իր մեկնաբանության մեջ ԱՄՆ դեսպանը նշում է, որ չնայած Օսկանյանը հերքում է շրջանառվող լուրերը, հայկական քաղաքական վերնախավը շարունակում է հակված մնալ այն տեսակետին, որ նախկին արտգործնախարարն աշխատում է Քոչարյանի հետ:

«Մենք լուրջ կասկածներ ունենք, որ այդ ամենը ճիշտ է: Օսկանյանը խելացի, փորձառու և հնարամիտ դիվանագետ է և իր նպատակներին հասնելու համար թերևս զերծ չէ մի փոքր կեղծավորությունից` ի շահ իր նպատակների: Վերջին ամիսներին Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի հարցով նրա հրապարակային և մասնավոր մեկնաբանությունները երբեմն բավական հոռետեսական են եղել, և նրա խոսքում անգամ որոշակի դառնություն էր նկատվում: Հավանաբար, նրա մոտ որոշակի մասնագիտական նախանձ կա, քանի որ Օսկանյանի բազմամյա ծանր աշխատանքից հետո, նրա հետնորդը` Նալբանդյանը կարող է դառնալ հենց այն ԱԳ նախարարը, որի պաշտոնավարման ընթացքում Թուրքիայի հետ հարաբերություններում և Լեռնային Ղարաբաղի հարցում բեկում կարող  է գրանցվել», – նշում է Յովանովիչը: