Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի զորամասերից մեկի զինծառայող Հովհաննես Վարդանյանը գտնվում է Երևանի Նորքի հոգեբուժարանում արդեն 24 օր:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Հովհաննեսի հայրը` Վարդան Վարդանյանը:
Նշենք, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից այսօր տարածված տեսանյութում զինվորն ասում է, որ իրեն փորձել են ծեծել և բռնաբարել:
Տղայի հայրը պատմել է մեզ, որ իր որդուն սկզբում տեղափոխել են «Կանազի» հոգեբուժարան, այնուհետև դուրս են գրել, որից հետո Հովհաննեսը տեղափոխվել է Նորքի հոգեբուժարան:
«Գնացի «Կանազ», ասում եմ` սենց անուն ազգանունով հիվանդ ունեք, ասում ա` «հա, 9 օր ա ստեղ ա»: Ասում եմ` «բա ինչի՞ ծնողներին տեղյակ չեք պահում, բժշկուհին ասում ա, դե էրեխեն չի խոսում, բան չի հիշում»: Ես զանգեցի Ասկերանի հրամանատարին` Շալոմ են ասում… ասում եմ` ինչի՞ չեք ասել տղես ուր ա, ասում ա` էլ ստեղ չզանգես: Ես առողջ տղա եմ տվել, էս ի՞նչ եք տալիս ինձ, արա: Հիմա իմ էրեխեն կարող ա սաղ կյանքը տենց էլ մնա, բա ես սե՞նց տղա եմ տվել ձեզ:
Ես դիմել եմ Պաշտպանության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին, բայց ոչ մի արձագանք չեմ ստացել: Ինձ ռազմական ոստիկանությունից ասեցին` տար Նորք, մենք փողը կտանք, ես տարա էնտեղ, հիմա էլ ասում են փող չկա, ասում եմ` ո՞նց չկա, արա… ես չեմ ասում` իրանց ջեբից տան, ֆոնդ չկա՞ զինվորների համար: Ես հիմա գնում եմ ռազմական ոստիկանություն, կանչել են, բողոքելու եմ բոլորի դեմ, էս ի՞նչ ա կատարվում: Ի՞նչ անեմ, գնամ պլակատը վերցնեմ գնամ օր ու գիշեր դրանց դռների դեմը կանգնեմ, որ արձագանքեն: Էրեխուս նենց են ծեծել որ, իրանց էրերխեն լիներ կուղարկեին մինչև Իսպանիա, բայց չեն ուզում 120 000 դրամ տան, որ էրեխես նորմալ բուժում ստանա»,- ասել է զինվորի հայրը:
Նրա խոսքերով` Նորքի հոգեբուժարանից ասում են, որ երիտասարդի հետ ամեն ինչ լավ կլինի, բայց ինքը չի հավատում.
«Չգիտեմ, ասում են` լավ կլինի, բայց ես որ տեսնում եմ տղուս, եսիմ, չգիտեմ ոնց կլինի, հիմա էլ քցել են 45 հոգու մեջ, էլ ոնց կդզվի իմ տղեն: Ֆսյո, գնաց տղես, էլ երևի սաղ կյանքը չդզվի»,- ասում էր նա: