Եգիպտացի ոստիկանները 2011 թվականի հունվարից մինչ մարտ տևած բողոքի ակցիայի մասնակիցների դեմ զենք կիրառելու հրահանգ չեն ստացել: Այս մասին հայտնում է The Guardian-ը` հղում կատարելով նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և Ներքին հործերի նախարար Հաբիբա ալ-Ադլիի գործով դատական լսումների ժամանակ հնչեցված ոստիկանության պաշտոնյայի խոսքերին:
Մուբարաքի և ալ-Ադլիի հանդեպ առաջադրված մեղադրանքներից մեկը կայանում է նրանում, որ նրանք արտոնել են ոստիկանության կողմից ցուցարարների դեմ մարտական փամփուշտների օգտագործումը: «Ոստիկանությունում ծառայելու 30 տարիների ընթացքում ես երբեք ցուցարարների վրա մարտական փամփուշտներից կրակելու հրաման չեմ ստացել»,- հայտարարել է դատական նիստի ժամանակ որպես վկա հանդես եկող 54-ամյա գեներալ Հուսեյն Սայիդ Մոհամեդ Մուրսին:
Մուրսիի խոսքով` ոստիկանության աշխատակիցներին հրահանգ է տրվել թույլ չտալ ցուցարարներին մտնել Թահրիր հրապարակ: Միաժամանակ, ցուցարարների առաջընթացի կասեցման միջոցները չեն հստակեցվել, ոստիկաններին հրահանգել են գործել ըստ իրադրության: