«Երևանի հակաէկոլոգիական շինությունների ցուցակը», ֆեյսբուքյան քվեարկության արդյունքների համաձայն, գլխավորել է Երևանի հյուսիսային պողոտան (233 հոգի)` իր բետոնի առատությամբ և կանաչի խիստ սակավությամբ:
Ինչպես հայտնում է «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը, երկրորդ տեղում է Ուսանողական այգին օկուպացրած շենքը (90 հոգի): Երրորդ տեղում է գտնվում Օղակաձև այգում Թումանյան փողոցին մոտ կառուցվող մեծ համալիրը (78 հոգի):
Այնուհետև հաջորդում են Մոնումենտի անտառի հաշվին կառուցված առանձնատները, Աբովյան փողոցի կանաչ հատվածում կառուցված խանութները, Տերյան փողոցում գտնվող Նուշիկյանների շենքը, Կոմիտաս փողոցի ծառուղու ոչնչացմամբ կառուցված Երևան Սիթի սուպերմարկետը և ներկայումս Կողբացի 42/Պուշկին 40 բակում խցկվող բարձրահարկը:
Եվս 110 հոգի գտնում է, որ ամբողջ Երևանի կենտրոնի կառուցապատումը հակաէկոլոգիական է, իսկ 34 հոգի այդպիսին է համարում ամբողջ Օղակաձև այգին: Տրվել են նաև այսպիսի պատասխաններ. ՀՀ բնապահպանության նախարարությունը, աղբատար ունեցող բոլոր հին, հակահիգիենիկ, սարսափելի բուրող բարձրահարկերը, Երևանի քաղաքապետարանը և այլն: Օգտատերերից երեքն առաջարկել են նաև Երևանի կոնյակի գործարանը` որպես էկոլոգիական միջավայրի դրական օրինակ: