Home / Հայաստան / Դավթաշենի թաղապետարանի աշխատակիցները պատերից պոկում են ՀԱԿ-ի թռուցիկները

Դավթաշենի թաղապետարանի աշխատակիցները պատերից պոկում են ՀԱԿ-ի թռուցիկները

Այսօր Երևանի Դավթաշեն համայնքում ոստիկաններն ու թաղապետարանի աշխատակիցներն արգելել են Հայ Ազգային Կոնգրեսի Դավթաշենի շտաբի պետին փակցնել սեպտեմբերի 9-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկները:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Կոնգրեսի Դավթաշենի շտաբի պետ Սաթենիկ Խաչատրյանը: Նա պատմել է, որ սկզբում երկու ոստիկան են մոտեցել իրեն, մեկը ներկայացել է որպես Սարգսյան Արտակ, մյուսը` Տիգրան: Նրանք պահանջել են, որպեսզի Սաթենիկ Խաչատրյանը դադարեցնի թռուցիկներ փակցնելը:

Վերջինս ասել է, որ հանրահավաքի անցկացումը քաղաքապետարանի կողմից ընդունված է ի գիտություն և շարունակել է փակցնել թռուցիկները:

«Տեսնելով, որ ես միևնույն է փակցնում եմ թռուցիկները, նրանք օգնության կանչեցին Դավթաշենի թաղապետարանի աշխատակիցներին: Թաղապետարանի ողջ աշխատակազմը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարներից Հրանտ Բադալյանը,  եկավ և ասեցին, որ չփակցնեն: Բադալյանը նույնիսկ ասաց. «Հեսա ձեռիցդ էս սաղ կխլեմ:  Մի’ կպցրու ստեղ»: Ես ասացի, որ թռուցիկներն ու թերթերը չեմ տա: Նա էլ սպառնաց, որ ինձ կտանի թաղապետարան ու վարչական պատասխանատվության կենթարկի: Ու հիմա Բադալյան Հրանտը, գազազած ու բղավելով, առանց ամաչելու, բոյն առած պատերից պոկում է մեր թռուցիկները: Ահա էս տեսակ մարդիկ են աշխատում մեր թաղապետարանում»,- ասել է Սաթենիկ Խաչատրյանը: