Վայքի ծննդատան բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանը շարունակում է աշխատել:
Վայքի ծննդատանը ծնված և օրերս Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացած երեխայի հարազատները պնդում են, որ երեխան առողջական խնդիրներ է ունեցել բժշկի մասնագիտական թերացումների և սխալների պատճառով:
Մետաքսյա Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում, սակայն, ասել է, որ ինքը շարունակելու է աշխատել, քանի դեռ չի ստացել առողջապահության նախարարության հանձնաժողովի և դատական փորձաքննության արդյունքները: Նրա խոսքով` դեպքից հետո ինքը որևէ անվստահություն բնակչության շրջանում չի զգում:
«Ես սովորականի նման աշխատում եմ: Այսօր ընդունել եմ բավականին հիվանդներ, ծննդաբերություն եմ ընդունել: Ոչ մի պրոբլեմ չկա բնակչության կողմից», – ասել է գինեկոլոգը:
Հիշեցնենք, որ ծննդաբերող 20-ամյա Թորոսյան Արմինեին հարազատները օգոստոսի 14-ին բերել են ծննդատուն, սակայն աղջկան դիմեդրոլ ու անալգին են սրսկել և ուղարկել տուն, քանի որ Մետաքսյա Հովհաննիսյանը զբաղված էր տանը բուրդ չփխելով:
Արդյունքում` երխան ծնվել է ուշացումով, և ծննդաբերության ժամանակ խնդիրներ են ծագել:
Ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր Հովհաննիսյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ:
Ծննդաբերողի հարազատներից Ծովինար Խաչատրյանն ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրենք հայց չեն ներկայացրել Հովհաննիսյանի դեմ, քանի որ «մի գյուղի բնակիչ ենք, հո իրար թշնամի չենք, բայց Մետաքսյան չպիտի աշխատի»:
«Եթե բանը հասնի դիվան բաշուն, անպայման դատի կտանք», – ասել էր Խաչատրյանը:
Epress.am-ի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանն էլ տեղեկացրել էր, որ դեպքը ուսումնասիրելու նպատակով նախարարի հրամանով աշխատանքային խումբ է կազմվել: