Եվրո-2012-ի ընտրական փուլի Սլովակիա-Հայաստան խաղից հետո սլովակների մարզիչ Վլադիմիր Վայսը մամուլի ասուլիսին շնորհավորել է Հայաստանի հավաքականին 4:0 հաղթանակի կապակցությամբ, և նշել, որ հյուրերը հիանալի կատարողական վարպետություն ցույց տվեցին հատկապես երկրորդ կեսում:
«Մեր կատարումն էլ վատը չէր, բայց եթե գրոհների վերջնամասում դիպուկ չես, չի կարելի մտածել հաջողության մասին: Մրցակիցն ավելի շատ ուժ ուներ երկրորդ կեսում», – ասել է Վայսը:
Սլովակների մարզիչը պարտության համար պատասխանատվությունը վերցրել է իր վրա՝ նշելով, որ պետք է որոշ ֆուտբոլիստների հանգիստ տար Իռլանդիայում անցկացրած 90 րոպեներից հետո: Նա ասել է, որ Սլովակիան ավելի վատթարացրեց իր դիրքը խմբում. այժմ ուղեգրի համար պայքարում են նաև հայաստանցիները, իսկ Սլովակիան պարտավոր է հաղթել երկու մնացած խաղերում՝ Ռուսաստանին և Մակեդոնիային:
Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ հայաստանցիները եկել էին Ժիլինա հաղթելու, այնուամենայնիվ, նա այդպիսի հաշիվ չէր ակնկալում:
«Ես հպարտ եմ իմ ֆուտբոլիստների գործողություններով, նրանք հիանալի խաղացին», – ասել է ակնհայտորեն երջանիկ Մինասյանը:
Նա նշել է, որ վերլուծելու են Սլովակիայի դեմ խաղը և պատրաստվելու են Մակեդոնիայի հետ հաջորդ հանդիպմանը: