2008 թվականի ապրիլի 21-ին ԱՄՆ Պետդեպի համար հեղինակած գաղտնի փաստաթղթում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը նշում է, որ 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում և դրան հետևած ժամանակահատվածում ամերիկացի դիվանագետները հաճախ են լսել, թե ինչպես են աշխատավայրերը ծառայում որպես նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի աջակցության կազմակերպչական կենտրոններ, ինչպես նաև ընդդիմության համակիրների ահաբեկման և հետապնդման վայրեր:
WikiLeaks-ի կողմից տպագրված փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցն ապրիլի 16-ին հանդիպել է անգլերեն լեզվի և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Կարինե Դավոյանի հետ, ով աշխատում էր Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանում մոտ 8 տարի: Համալսարանը պաշտոնապես վերահսկվում է (և մասամբ ֆինանսավորվում) Ռուսաստանի կառավարության կողմից, բայց իրականում գործում է որպես դրա ռեկտոր Մուշեղ Ասոյանի կողմից ղեկավարվող ինքնիշխան ինստիտուտ:
Դավոյանը դեսպանատան աշխատակցին պատմել է նախագահական ընտրություններին և մարտի 1-ի դեպքերին նախորդած և հաջորդած մի քանի շաբաթների ընթացքում իրականացրած իր գործունեության մասին: Դավոյանի դասավանդման մեթոդների մեջ մտնում էին ուսանողների միջև բանավեճերի կազմակերպումը, հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումների անցկացումը և ուսանողներին ԱՄՆ դեսպանատանը ֆիլմերի ցուցադրումը:
2007 թվականի վերջին ռեկտորը կանչել է նրան իր աշխատասենյակ և ասել, որ իրեն դուր չեն գալիս Դավոյանի կողմից իր ինտիտուտում ամերիկյան արժեքների քարոզումը և որ նա իր դասավանդման մեթոդներն ավելի ազգայնական պետք է դարձնի: Նա ասել է, որ կարող էր հեշտությամբ աշխատանքից ազատել Դավոյանին` պարզապես իր մոտ կանչելով մի քանի ուսանողների և նրա դեմ բողոքի դիմում թելադրելով:
Նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում նրան կրկին կանչել են ռեկտորի աշխատասենյակ, որտեղ նրան հարցաքննել են ԱԱԾ-ի երկու աշխատակիցներ, որոնք իրենց հերթին կանչվել էին ռեկտորի կողմից: Նրանք հարցրել են Դավոյանին իր նախկին աշխատավայրի մասին (նա երկու տարի որպես թարգմանիչ է աշխատել Հունաստանի դեսպանատանը), նաև հարցրել են, թե արդյոք իր դասերի ընթացքում նա որևէ թեկնածուի օգտին է խոսել: Դավոյանն ասել է, որ երբեք ոչ մի թեկնածուի քարոզչությամբ չի զբաղվել, բայց երբ ուսանողները հարցրել են իր կարծիքը, նա արտահայտել է իր համոզմունքները`բացատրություններ տալով, բայց երբեք չի փորձել պարտադրել դրանք որևէ մեկին: ԱԱԾ-ի գործակալները համաձայնել են առ այն, որ նա իրավունք ուներ անել դա, և դրանով հարցը փակվել է:
«Երբ ընտրական շրջանը սկսվել է, ռեկտորը հայտարարել է, որ սա ռուսաստանամետ համալսարան է, և հետևաբար իր անձնակազմը պետք է աջակցի ռուսաստանամետ թեկնածուին`Սերժ Սարգսյանին: Չնայած ռեկտորի ջանքերին, շատ պրոֆեսորներ և ամբիոնի վարիչներ սկսել են աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին, և Դավոյանը հանդիպել է նրանց հանրահավաքների ժամանակ և նրանց խնդրանքով փոխանցել է ԼՏՊ-ի քարոզարշավի DVD-ները», – նշում է Փենինգթոնը:
Ընտրություններից հետո` մարտի 15-ին, ռեկտորն իր անձնակազմի հետ հանդիպում է կազմակերպել և հրապարակավ քննարկել է Դավոյանի պահվածքը, այն անընդունելի է որակել և նրան խիստ նկատողություն է ներկայացրել: Նա հայտնել է, որ ուսանողների կողմից դասախոսների գնահատման արդյունքում Դավոյանը շատ ցածր միավորներ է հավաքել:
Նրա մեղադրանքները տևել են մոտ մեկ ժամ, որի ընթացքում աշխատակազմի անդամներից և ոչ մեկը Դավոյանին չի պաշտպանել, թեև ոմանք ավելի ուշ զանգահարել են իրեն` իրենց աջակցությունն առաջարկելով և քննադատելով ռեկտորի պահվածքը:
Մեկ այլ դասախոս անգամ փորձել է պարզել ուսանողներից, արդյոք նման գնահատում եղել է, և արդյունքում նրան կանչել է այս անգամ ռեկտորի կինը և զգուշացրել, որ նա կարող է Դավոյանի բախտին արժանանալ:
Դավոյանը պատմել է դեսպանատան աշխատակիցներին, որ 8 տարիների իր աշխատանքի ընթացքում նա մշտապես բարձր գնահատականների է արժանացել ուսանողների կողմից: Նա աշխատակազմի հետ հանդիպումը որակել է որպես ստալինյան դարաշրջանին բնորոշ մի բան, երբ ինստիտուտի ղեկավարը կարող էր մեղադրել իր աշխատակցին իր քաղաքական հայացքների համար և քննարկել հարցը ողջ աշխատակազմի առջև որպես նախազգուշացում մյուսների համար:
«Միջադեպից հետո Դավոյանն այլևս չի վերադարձել աշխատավայր, սակայն նշել է, որ ուսանողները շարունակում են զանգահարել իրեն և խնդրել վերադառնալ: Նրանք անգամ ռեկտորի մոտ են գնացել և պահանջել են հետ վերադարձնել իրեն: Համալսարանի հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է սեպտեմբերին և նա չի պատրաստվում երկարաձգել այն: Իրադարձությունների վերաբերյալ Դավոյանի գնահատականը մեկն է այն բազմաթիվ կարծիքներից, որոնց համաձայն Հայաստանում աշխատավայրերը վերածվել են Սարգսյանի աջակցության կենտրոններ և ընդդիմության աջակիցների պատժի վայրի», – գրում է ամերիկացի դիվանագետը: