Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, երեկ իր և մյուս զոհերի ծնողների անունից զարմանք ու զայրույթ է հայտնել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում նախօրեին ընդունված բանաձևի նախագծի կապակցությամբ, որում նշվում է, որ մարտի 1-ի էջը վերջապես կարող է փակված համարվել:
«Մենք բոլոր ձևերով դեմ ենք դուրս գալու այդ նախագծին, որպեսզի այն այս ձևով չքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում», – «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել է Ալլա Հովհաննիսյանը:
ԵԽԽՎ-ում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանն իր հերթին զարմանք է հայտնել համազեկուցողների ձևակերպման կապակցությամբ: «Դա, իմ կարծիքով, անբարոյական հայտարարություն է: Չեմ հասկանում`ինչ պիտի ասեն մարտի 1-ի զոհերի ծնողներին ու ընտանիքներին այդպիսի հայտարարություն անողները: Մարտի 1-ի էջը չի կարող փակված լինել, մինչև վերջին սպանությունը բացահայտված չլինի. դա աքսիոմատիկ ճշմարտություն է մեր քաղաքականության մեջ, և դա վիճարկելի չէ: Ես հույս ունեմ, որ մենք պարզապես ինչ-որ այլ մտքի անհաջող ձևակերպման հետ գործ ունենք»,- ասել է Արման Գրիգորյանը: