Home / Հայաստան / Ծնողները խնդրում են իրենց երեխաներին ամենավտանգավոր դիրքեր ուղարկել. Խաչատուրով

Ծնողները խնդրում են իրենց երեխաներին ամենավտանգավոր դիրքեր ուղարկել. Խաչատուրով

«168 ժամ» թերթը զրուցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցը որոշակի կրճատումներով.

-Ամեն առիթով հայտարարավում է, որ բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում: Բայց փաստն այն է, որ այսօր շատերը վախենում են իրենց երեխաներին բանակ ուղարկել: Դուք` որպես ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, կարո՞ղ եք երաշխավորել, որ բանակում նման միջադեպեր չեն լինի: Կամ որ Դուք անձամբ կզբաղվեք զորամասերում, մարդիկ կունենաք այնտեղ, որոնք կկարողանան կանխել նման միջադեպերը:

-Ես ամսվա մեջ մեկ օր հանդիպում եմ ծնողների հետ. 70-80 մարդ եմ ընդունում, ովքեր իրենց երեխաների հետ կապված խնդիրներ են ունենում զորամասերում: Ես չէի ասի, թե մարդիկ նման վախ ունեն: Երևի ամենաշատը Ձեր թերթն է վախենում, ես այդպես եմ մտածում: Ծնողներ են գալիս, նորմալ ձևով խնդրում, որ իրենց երեխաները գնան ու ծառայեն ամենավտանգավոր դիրքերում: Այո, նման ծնողներ էլ կան: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, բանակում սպանությունները կրճատվել են` 40, մահվան դեպքեր` 37 տոկոսով:

-Բայց չեք կարող թաքցնել ՀՀ կառավարության, ՀՀ նախագահական շենքերի դիմաց որդեկորույս ծնողների բողոքի ցույցերը, որոնք այսօր արդեն պահանջում են ՀՀ պաշտպանության նախարարի հրաժարականը, պահանջում են, որպեսզի բանակում կարգուկանոն լինի, քանի որ իրենք իրենց երեխաներին չեն մեծացնում բանակում սպանվելու համար:

-Հասկանում եմ, որ իրենց երեխան է մահացել, իրենք պետք է ըմբոստանան, պետք է բողոքեն, իսկ մենք պետք է իրենց հետ հանդիպենք, բացատրենք, որ զբաղվում ենք այդ ցավոտ խնդիրներով:

-Շատ ծնողներ բողոքում են, որ իրենց երեխաների դիակների վրա բռնության հետքեր կան, սակայն մահվան եզրակացության մեջ նշված է լինում` որպես ինքնասպանություն:

-Եկեք կոնկրետ փաստերով խոսենք, որպեսզի ես ձեզ կոնկրետ պատասխանեմ: Ես դատաբժշկական փորձագետ չեմ, ոչ էլ փորձագիտության ղեկավարը: Նա պետք է պատասխանի, թե ինչ է գրել և ինչու է գրել: Ես նույնիսկ նրա հեռախոսահամարը չունեմ, ես չգիտեմ, թե նա ով է, որ ասեմ` այսպես կամ այնպես գրի: Ինքն է իր գործի պատասխանատուն, եթե տվյալներ ունեք, գնացեք իրեն հարցրեք, թե ինչու է այդպես գրել: Իմ դիրքորոշումն այն է, որ ամեն ինչ լինի պարզ ու ճիշտ, որ յուրաքանչյուր մեղավոր իր պատիժը ստանա:

Մեզ մոտ կադրային լուրջ պրոբլեմներ կան: Օբյեկտիվ պատճառներով այս տարի զորակոչիկները քիչ են, մենք պայմանագրային զինծառայողներին փոխելու համար զինվորներ չունենք: Կարող ենք այդ գործն այնպես անել, որ դրանից վնաս չկրի բանակը, չէ որ ուզես թե չուզես` նրանց փոխարեն նոր մարդկանց պետք է նշանակես: Մենք ստիպված ենք ընտրություն կատարել եղածների մեջ, անկախ նրանց պատրաստվածության աստիճանից: Դուք միայն վատ բաներ եք գրում բանակի մասին, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր բանակի սպաների 99 տոկոսը լավ սպաներ են, որոնք Հայաստանը շատ են սիրում և պատրաստ են զոհվել իրենց հայրենիքի համար: