Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 9-ին բավարարել է ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող Աղասի Գեղամի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով սեպտեմբերի 6-ին ձերբակալված երկու սպաների նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:
ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, կալանավորված սպաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը): Մեղադրանքն ապացուցվելու դեպքում նրանց սպառնում է 2-ից 5 տարվա ազատազրկում:
Միաժամանակ ԼՂՀ ՊԲ Ասկերանի զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով /սպանություն/: Լենդրուշ Նազլուխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու քննիչի միջնորդությունը սեպտեմբերի 10-ին ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նշենք, որ, ըստ պաշտոնական վարկածի, Նազլուխանյանը Մկրտչյանին սպանել է սեպտեմբերի 7-ին զենքն անզգույշ օգտագործելու հետևանքով: