2010 թվականի հունվարին Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը նամակ է ուղարկել ԱՄՆ Պետդեպ, որտեղ պատմում է իր և Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի զրույցի մասին: Վերջինս Բասի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի աճող ռազմական համագործակցության վերաբերյալ:
Բասի նամակը գաղտնազերծել է WikiLeaks կայքը, որում նա գրում է. «Վաշաձեն կրկին իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ հայերը Վրաստանի տարածքի վրայով ավելի քան 500 թռիչք է պատվիրել, գրեթե տասն անգամ ավելի, քան անցյալ տարի: Վաշաձեն ընդգծել է, որ Վրաստանն իր համաձայնությունը չի տվել 2010 թվականի համար նախատեսված թռիչքների ողջ փաթեթի համար, սակայն պատրաստ է, որպեսզի թռիչքները շարունակվեն հաջորդ ամիսների ընթացքում: Վաշաձեն Վրաստանի պաշտպանության նախարարին մանրամասն զեկույց է ներկայացրել Վրաստանի մտահոգությունների մասին: Նա անհանգստացած է Հայաստան մտնող սպառազինության քանակով, քանի որ այն հետագայում կարող է ապակայունացնել տարածաշրջանը, ինչպես նաև օգտագործվել Ռուսաստանի կողմից Վրաստանի վրա երկկողմանի ճնշում գործադրելու նպատակով»:
Վաշաձեն նաև ասել է, որ Վրաստանը ստիպված կլինի վերանայել թռիչքների թույլտվության հարցը: ԱԳ նախարարի խոսքով` Ադրբեջանին վաճառվող զենքի և Հայաստան մտնող սպառազինության պայմաններում նա վախենում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ անհամաձայնությունը կարող է շատ արագ սրվել: Վրաստանը մտավախություն ունի, որ Ռուսաստանն օգտագործում է այս թռիչքները Գյումրիի ռազմաբազայի մարտունակությունը բարձրացնելու համար: Սա թույլ կտա Ռուսաստանին թե’ հյուսիսից, թե’ հարավից սեղմել Վրաստանին, եթե նրանք որոշեն այդպես վարվել:
Վաշաձեն նաև խոսել է ադրբեջանցիների մտահոգությունների մասին` կապված Ռուսաստանից Հայաստանին ուղարկվող զենքի վերաբերյալ: Նա ասել է, որ իրենք մտահոգված են հարևաններին հավասարակշռելու հարցում:
Փաստաթղթի վերջում Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը խնդրում է Պետդեպին, «լավատեղյակ ալիքները» օգտագործելով, գնահատական տալ Հայաստանի զենքի ձեռքբերման մարտավարությանը և պարզել, թե Հայաստան զենքի ներկրումները նախատեսված են արդյոք «իրենց, թե ուրիշների համար»: