Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կասկածում է Լիբիայի ազգային անցումային խորհրդին ռազմական հանցագործությունների իրականացման մեջ: Կազմակերպության կայքում 107 էջանոց զեկույց է հրապարակվել, որում թվարկված են Անցումային խորհրդի կողմից 2011 թվականի ապրիլից մինչ հուլիս իրականացված հանցագործությունները: Մասնավորապես, զեկույցում խոսվում է Մուամար Քադաֆիի 10 կողմնակիցների սպանության, ինչպես նաև գերի ընկած զինվորների նկատմամբ բազմաթիվ խոշտանգումների մասին:
Ապստամբներին մեղադրում են նաև Սահարայի հյուսիսի ցեղերի նկատմամբ այլատյացության դրսևորման մեջ: Ինչպես նշվում է զեկույցում, լիբիացիները բազմիցս հարձակումներ են գործել սևամորթների վրա և թալանել են նրանց: Ավելի վաղ Քադաֆիի կողմնակիցներին մեղադրում էին սևամորթ վարձու մարդասպանների զանգվածային հավաքագրման մեջ:
Այդուհանդերձ, զեկույցում նշվում է, որ Լիբիայի նոր իշխանությունների պատասխանատվության տակ ընկած հանցագործություններն իրենց ծավալներով ոչ մի կերպ չեն կարող համեմատվել Քադաֆիի ռեժիմի կողմից իրականացված դաժանությունների հետ: Amnesty International-ը նշում է,սակայն, որ իր առջև նպատակ չէր դրել համեմատել երկու իշխանությունների դաժանության աստիճանը:
Ազգային անցումային խորհուրդը հերքել է իր հասցեին հնչեցված մեղադրանքները: Անցումային իշխանության արդարադատության նախարարի խոսքով` սխալ է Քադաֆիի հակառակորդների մասին զեկույցում նկարագրվող դեպքերը ռազմական հանցագործություն որակել, քանի որ Անցումային խորհրդի համակիրները ոչ թե զինվորականներ են, այլ ապստամբներ:
Amnesty International-ի զեկույցը հիմնված է կազմակերպության ներկայացուցիչների կողմից փետրվարի 26-ից մինչ մայիսի 28-ը Լիբիա կատարած այցելությունների ժամանակ հավաքած տվյալների վրա: