Օգոստոսի 15-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում երկու հոգու ծանր մարմնական հրազենային վնասվածքներ հասցրած Աշոտ Սնջոյանին` Եզդի Աշոտին մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ ինչպես և ակնկալվում էր, Սնջոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի հենց 120 հոդվածի հատկանիշներով, այսինքն, նա մեղադրվում է անզգուշությամբ մարմնական ծանր վնասվածք հասցնելու մեջ: Սնջոյանը ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է, նրա կողմից հրազենի գործածման հետևանքով երկու հոգի ոսկրային կոտրվածքներով տեղափոխվել էին մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ և դժվար վիրահատությունների ենթարկվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է:
«Հիմա արդեն ակնհայտ է, սակայն, որ Սնջոյանը առավելագույնը կարժանանա պայմանական ազատազրկման», – եզրակացնում է «ՀԺ»-ն: