Վրաստանում խստացրել են ազատազրկված Վահագն Չախալյանի բանտային պայմանները: Այս մասին ասված է նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանի տարածած հայտարարության մեջ.
«2011թ. սեպտեմբերի 12-ին այցելել եմ իմ պաշտպանյալ` ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին, որը վրաց իշխանությունների կողմից դատապարտվելով 10 տարվա ազատազրկման, ներկայումս պահվում է Վրաստանի Ռուսթավի N6 խիստ ռեժիմի գաղութի 106 բանտախցում: Այցելության ընթացքում Վահագն Չախալյանն ինձ տեղյակ է պահել, որ վերջին շրջանում վրացական իշխանությունները ուժեղացրել են իր նկատմամբ բանտային ճնշումները, այդ թվում` նաեւ բանտային պայմանների էական խստացման միջոցով: Մասնավորապես,
1. Առգրավվել են Վահագն Չախալյանին պատկանող բոլոր գրքերը, դրանք վերադարձնելու դիմումները մնում են անպատասխան:
2. Վահագն Չախալյանի բանտախցում նախկինի համեմատ ավելի հաճախակի են դարձել ջրի անջատումները (երբեմն օրերով), միաժամանակ, նրան արգելվել է բանտախցում պահել ջրի համար բաքեր: Դա էապես դժվարացնում է բանտախցում տարրական հիգիենայի պահպանման հնարավորությունը:
3. Վահագն Չախալյանը ժամանակ առ ժամանակ զրկվում է բանտային խանութից գնումներ կատարելու հնարավորությունից:
4. Նախկինի համեմատ սահմանափակվել է Վահագն Չախալյանի` հեռախոսից օգտվելու հնարավորությունը. նրան օրերով թույլ չի տրվում օգտվել հեռախոսից, իսկ երբ նրան այնուամենայնիվ նման հնարավորություն տրվում է, ապա խոսելաժամանակը էապես սահմանափակվում է: Խոսակցությունների ընթացքում հաճախակի անջատում են հեռախոսակապը` հոսանք չլինելու անհիմն պատճառաբանությամբ:
5. Էապես սահմանափակված է մերձավոր ազգականների հետ տեսակցելու Վահագն Չախալյանի իրավունքը: Վահագն Չախալյանի ձերբակալությունից հետո անցած երեք տարի երկու ամիս ժամանակաշրջանում նրան միայն մեկ անգամ՝ 15 րոպե տեւողությամբ անձնական տեսակցություն են թույլատրել կնոջ եւ որդու հետ (վրացական օրենսդրությամբ նախատեսվում է, որ բանտարկյալը նման տեսակցության իրավունք ունի 3-ից 6 ամիսը մեկ՝ մինչեւ 24 ժամ տեւողությամբ):
6. Արհեստականորեն ձգձվում է Վահագն Չախալյանին տեսակցելու համար հայ հոգևորականներին թույլտվության տրամադրումը:
7. Նախկինի համեմատ աճել են Վահագն Չախալյանին ահաբեկելու փորձերը, նրա նկատմամբ տարբեր սպառնալիքներ են հնչեցվում ինչպես խցակիցների, այնպես էլ բանտի պահակազորի կողմից:
Վերոնշյալ խախտումների մասին նամակով տեղյակ եմ պահել Վրաստանի հանրային պաշտպան Գիորգի Տուգուշիին ՝ խնդրելով անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցներ` Վահագն Չախալյանի նկատմամբ դրսեւորվող խտրական վերաբերմունքը վերացնելու ուղղությամբ»: