ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի և Էրեբունի-Երևան տոնակատարություններին ընդառաջ Երևանում շարունակվում են բարեկարգման, արտաքին ձևավորման և հարդարման լայնածավալ աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տոնական օրերին Երևանը նորովի տեսքով կներկայանա: Ավարտական փուլում են «Հաղթանակ», «Կիևյան» կամուրջների և Կոմիտաս-Դավիթ Անհաղթի փողոցների ու Ազատության պողոտայի հատման մասի տրանսպորտային հանգույցի հարդարման և ձևավորման աշխատանքները, պատշաճ տեսքի են բերվում 200 շենքերի ճակատային հատվածները:
Օրերս շահագործման կհանձնվեն այս տարվա ծրագրով նախատեսված վերգետնյա 3 անցումները` Շիրազի և Դավիթ Բեկի փողոցներում, ինչպես նաև Ազատության պողոտայում: Կավարտվեն 2011թ. ծրագրով նախատեսված կենտրոնական փողոցների մայթերի վերակառուցման աշխատանքները: Հանրապետության հրապարակում շարունակվում են 40 կրկնակի հզորությամբ լուսարձակների տեղադրման, ինչպես նաև կամուրջների, արձանների ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի գեղարվեստական լուսավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ծրագրերի իրականացմանն աշխուժորեն մասնակցել են նաև ՀՀ-ում գործող բանկերն ու մասնավոր ընկերությունները: Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ տոնական օրերին մայրաքաղաքը կունենա աննախադեպ շքեղ լուսավորություն: