Շաբաթ օրը` սեպտեմբերի 17-ին, առավոտյան ժամը 9-ին երևանցի մի խումբ երիտասարդներ Ազատության հրապարակում հավաք են կազմակերպում` ի օգնություն Ասկերանի զորամասում խելագարված զինվոր Հովհաննես Վարդանյանի ծնողների: Այս մասին ասված է հավաքի կազմակերպիչներից Արմեն Հարությունյանի կողմից տարածած նամակի մեջ:
Հավաքի մասնակիցներին թռուցիկների տեսքով կբաժանվեն Հովհաննեսի ընտանիքին օգնելու նպատակով բացված հաշվեհամարի տվյալները:
Հավաքին մասնակցելու է նաև խելագարված զինվորի հայրը` Վարդան Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ամռանն Ասկերանի զորամասերից մեկում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առիթով ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով քրեական գործ է հարուցվել:
Epress.am-ն ավելի վաղ գրել էր, որ դեռևս օգոստոսի 31-ին Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպությունը դիմում էր ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հելսինկյան ասոցիացիան խնդրել է ՀՀ Պաշտպանության նախարարին հանձնարարել պատկան մարմիններին կատարել քննություն պարզելու համար Վարդան Վարդանյանի (տղայի հայրը – խմբ.) հայտնած տեղեկությունները, պարզել մեղավոր անձանց շրջանակը և վերջիններիս ենթարկել համախատասխան պատասխանատվության, ինչպես նաև տրամադրել Հովհաննես Վարդանյանի զինկոմիսարիատում անձնական գործերի պատճեները` վերջինիս իրավունքները պաշտպանելու համար:
Պաշտպանության նախարարությունը դեպքի վերաբերյալ առաջին պաշտոնական հաղորդագրությունը տարածել էր միայն սեպտեմբերի 9-ին: