Այսօր թուրքահայ լրագրող, մտավորական, Ստամբուլում լույս տեսնող «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը կդառնար 57 տարեկան:
2009թ., երբ Ստամբուլում նշում էին ականավոր լրագրողի ծննդյան 55-րդ տարեդարձը, Հրանտ Դինք հիմնադրամը նոր նախաձեռնությամբ հանդես եկավ:
Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 15-ին հիմնադրամը հանձնում է Հրանտ Դինքի անվան մրցանակը: Մրցանակը «կիսում են» երկու մարդ. մեկը` Թուրքիայի քաղաքացի, մյուսը` օտարերկրացի:
Ինչպես նշում է Հրանտ Դինքի հիմնադրամը, մրցանակը տրվում է «խտրականությունից, ցեղասպանությունից, բռնությունից զերծ, ազատ ու անկախ աշխարհի ձգտող, այդ ուխտի համար անհատական զոհողություններ ցուցաբերող, կանխակարծիքներ խորտակող, այդ պայքարի մեջ հասարակությանը խրախուսող աձանց»:
Այս տարի մրցանակը հանձնելու են երրորդ անգամ: Արարողությունը կմեկնարկի Ստամբուլում 20:00-ի (Երևանի ժամանակով 22:00-ին):
2009 թվականին մրցանակի են արժանացել թուրք լրագրող Ալփեր Քերմիշը և հրեա լրագրողուհի Ամիրա Հասը:
Անցյալ տարի մրցանակը հանձնվել է իսպանացի դատավոր Բալտասար Գարսոն Ռեալին և թուրքական «Գիտակցված բողոքի» շարժմանը:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամասթի կողմից: