Այս տարվա ութ ամիսների ընթացքում ինքնաթիռով Հայաստանից մեկնած ուղևորների թիվը 62 հազարով գերազանցում է ժամանողների թվին: Ավտոմոբիլային տրանսպորտով առաջին յոթ ամիսներին մեկնողները 25 հազարով ավելի են ժամանողներից, հայտնում է «Հայկական ժամանակ» թերթը:
Երկու թվերն էլ վերցված են պաշտոնական վիճակագրությունից. Ինքնաթիռով մեկնող-ժամանողների վիճակագրությունը հրապարակել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, իսկ ավտոմոբիլային տրանսպորտի թվերը վերցված են ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի սահմանահատումների հաշվառման տվյալների գրանցման համակարգից: Ստացվում է, որ ընթացիկ տարում Հայաստանից մեկնածների թիվն արդեն իսկ 87 հազարով գերազանցում է ժամանողների թվին:
Կասկածից վեր է, որ այս անձանց գեռակշիռ մասը Հայաստանից արտագաղթած քաղաքացիներ են, գրում է «Հայկական ժամանակը»` նշելով, որ եթե մեկնողների թիվը շարունակի նույն տեմպերով աճել, տարեվերջին արտագաղթի թիվը կարող է հասնել 100 հազարի:
Ըստ պաշտոնական վիճակագրության` 2000-2010 թթ. Հայաստանից մեկնել է և չի վերադարձել 175 հազար 600 մարդ, որոնցից 78 հազարը` վերջին երեք տարիների ընթացքում: