ՀՀ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը դատական իշխանության համակարգում առկա անարդարությունների դեմ պայքարում որոշել է ներգրավել ՀՀ արդարադատության նախարարին:
Անդրեասյանը հայտնի երեք դատավորների գործերով կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ այժմ դիմում է Հրայր Թովմասյանին:
Ավելի վաղ երեք քաղաքացիներ դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ համոզված, որ դատավորներն իրենց հանդեպ անարդար են գործել: Բազմաթիվ այլ նմանատիպ դիմումներից Մարդու իրավունքների պաշտպանն ընտրել էր նշված երեքը, քանի որ, իր գնահատմամբ, այդ գործերով դատավորների կողմից թույլ էր տրվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում: Պաշտպանն ըստ օրենքի երեք դատավորների վերաբերյալ հաղորդումներ էր ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին և իր հաղորդումների մասին իրազեկել հանրությանը: Դրան անմիջապես հետևել էին Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ դատական իշխանության տարբեր մարմինների անունից արված հրապարակային «հարձակումներ»՝ ապատեղեկատվության, իրավական ակտերի մոլորեցնող մեջբերումների, ապօրինի «հորդորների» և անգրագետ մեղադրանքների տեսքով:
Այնուհետև բոլոր երեք գործերով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը մերժել է վարույթի հարուցումը հետևյալ հիմնավորմամբ. «…ուսումնասիրելով հաղորդումը և հաղորդմանը կից նյութերը` գտել է, որ … կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բավարար չեն: « Այս չորստողանոց մերժումներում կար հետևյալ երկու թերացումը: Նախ, Պաշտպանի հաղորդումներին կից նյութեր երբևէ չէին ուղարկվել, հետևաբար կարելի է ենթադրել, որ կարգապահական հանձնաժողովը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչն է ուսումնասիրել: Երկրորդ, ՀՀ դատական օրենսգրքով կարգապահական վարույթ հարուցելու համար բավարար է օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալու մասին առերևույթ հիմքերի առկայությունը, իսկ կարգապահական հանձնաժողովի կողմից գրության մեջ նշված այն փաստը, որ վարույթ հարուցելու «հիմքերը բավարար չեն», ենթադրում է, որ գոնե մեկ հիմք ամեն գործով կար, իսկ ՀՀ դատական օրենսգիրքը չի սահմանում վարույթ հարուցելու համար քանի հիմք է անհրաժեշտ: Նշված թերացումները մատնանշող Պաշտպանի գրությանն ի պատասխան՝ կարգապահական հանձնաժողովի գրավոր արձագանքում ասվում է, որ «տրվել է սպառիչ պատասխան»:
ՀՀ ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ` Մարդու իրավունքների պաշտպանի խնդիրն է`
· վերականգնել իրեն դիմած երեք և շատ այլ դիմումատուների հավատը արդարության և դատարանի հանդեպ,
· հանրությանը կոնկրետ օրինակներով ներկայացնել, թե ինչպես է գործում դատական ապօրինություններից հասարակությանը պաշտպանելու միակ մեխանիզմը, այն է՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը,
· կարգապահական պատասխանատվության մեխանիզմի ներկայիս մենաշնորհային և կլանային դրսևորումները նվազեցնելով ՝ օրինապահ դատավորներին ազատել հաճախ անարդար կիրառվող կարգապահական պատասխանատվության մեխանիզմի ճնշումներից:
Պաշտպանը կանխատեսում է հնարավոր հետևյալ զարգացումները.
· ՀՀ արդարադատության նախարարը նշված գործերով կմիանա Մարդու իրավունքների պաշտպանի պայքարին և կաջակցի վերոհիշյալ խնդիրների լուծմանը.
· ՀՀ արդարադատության նախարարը կմիանա ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին և չի տեսնի գոնե առերևույթ խախտումներ 19 ամիս տևող գործի և այդքանից հետո օրենքով հստակ սահմանված պահանջի չկատարման մեջ կամ մարդու անմեղության կանխավարկածի խախտման, թարգմանչով չապահովելու և այլ դատավարական սխալներում.
· Հասարակությունն ի վերջո այս երեք օրինակելի գործերով կմիանա Մարդու իրավունքների պաշտպանի պայքարին և կպահանջի հիմնավոր, հրապարակային և տրամաբանված արձագանքներ ու գործընթաց, որն էլ կարող է դրականորեն ազդել մարդու իրավունքների ոտնահարման նվազագույնը հիսուն տոկոս դեպքերում, քանի որ մեր վիճակագրությամբ և խորին համոզմամբ այդքան է դատական համակարգի մեղքը մեր երկրում մարդու իրավունքների բոլոր խախտումների ընդհանուր պատկերի մեջ: