Այսօր ՀՀ վարչական դատարանում լսվել է «Ա1» հեռուստաընկերության հայցն ընդդեմ Հեռուստատեսթյան և ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ: Հիշեցնենք, որ ՀՌԱՀ-ը նախորդ տարվա դեկտեմբերին անցկացված կապուղիների համար մրցույթում հաղթող է ճանաչել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, որը պայքարում էր «Ա1+»-ի հետ:
Epress.am-ի հետ զրույցում «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը տեղեկացրել է, որ այսօրվա դատական նիստի ժամանակ կողմերը լսել են միմյանց, ներկայացրել են փաստարկներ, ինչպես նաև կողմերի միջև եղել է հարց ու պատասխան:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, որի ժամանակ կկայացվի վճիռը:
Մեսրոպ Մովիսիյանը նշել է, որ ակնհայտ է` կապուղիների մրցույթի ողջ գործընթացում ՀՌԱՀ-ի կողմից ներկայացված բոլոր փաստերը միայն խոսքեր են և հիմնված չեն փաստերի վրա:
«ՀՌԱՀ-ը, երբ շարժվում է օրենքով, պետք է գնահատական տա բոլոր չափորոշիչներին հատ-հատ, և դրանց արդյունքից է կախված ընդհանուր գնահատականը: ՀՌԱՀ-ը հունվարին մեզ ուղարկված նամակում նշել էր, որ մի քանի պարագաներում «Ա1+»-ն ավելի ուժեղ է եղել, քան` «ԱրմՆյուզը», սակայն նշել են, որ կա ֆինանսական խախտում: Չի գնահատվել մեր ներկայացրած ոչ մի չափորոշիչ և բոլորը գնահատվել են 0, իսկ դա օրենքի խախտում է: Ոչ մի պարագա չի գնահատվել: Եթե կար որևէ խախտում, «Ա1+»-ի փաթեթը պիտի հետ վերադարձնեին և չթողնեին մրցույթին մասնակցեր, ինչպես նաև խախտման դեպքում ինձ հարցում պիտի անեին: Սակայն այդ ամենը չի արվել»,- ասել է Մեսրոպ Մովսիսյանը: