Home / Հայաստան / Լևոն Բարսեղյանի բողոքի լսումը կկայանա այսօր

Լևոն Բարսեղյանի բողոքի լսումը կկայանա այսօր

Այսօր` սեպտեմբերի 16-ին, ժամը 16-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվելու է ԺԱԱ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի վերաքննիչ բողոքի լսումն ընդդեմ ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՇՄ քննչական բաժնի քննիչ Հովհաննես Քաղցրիկյանի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին 15.04.2011թ. որոշումը վերացնելուբողոքին ի պատասխան ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մերժման:

ՀՀ մաքսային օրենսդրությունում կատարված փոփոխությունների դեմ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների սեփականատերերի բողոքի գործողությունները Շիրակի մարզում ոստիկանության կողմից ապօրինաբար սահմանափակելու, նրանց տեղաշարժման և հավաքների ազատությունները խոչընդոտող հանցագործությունների դեմ Բարսեղյանը 2011 թվի փետրվարին երեք հաղորդում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին: Քննիչ Հ.Քաղցրիկյանը այդ բողոքների հիման վրա օրենքով նախատեսված 10 օրվա փոխարեն 50 օր նյութեր նախապատրաստելուց հետո գտել էր, որ հանցակազմ չկա և քրեական գործ չէր հարուցել:

Քննիչի որոշումը Բարսեղյանը բողոքարկել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` բողոքում բացատրելով, որ քննիչը նյութերի բազմակողմանի ուսումնասիրություն չի կատարել, կողմնակալ է եղել (բացատրություններ է ստացել 28 ոստիկաններից և վրացական պետհամարանիշով ոչ մի վարորդից) և խախտել է նյութերի նախապատրաստման ընթացքին վերաբերվող օրենքով սահմանված մի շարք նորմեր: Դատավոր Հարություն Մովսեսյանը (հայտնի է 2008 թվի մարտի 1-ից հետո մարալիկցի ընդդիմադիր ակտիվիստ Հարություն Ուռուտյանին, 4 ոստիկանի ցուցմունքների հիման վրա, մեկ ապտակի համար 7 տարի ազատազրկման վճռով) մերժել էր.Բարսեղյանի բողոքը, և վերջինս դիմել էր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:

2011 սեպտեմբերի 5-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Պետրոսյանը առաջին նիստում լսեց բողոք բերած Բարսեղյանին և հարցեր առաջադրեց քննիչին և նրա հետ ներկայացած դատախազության ներկայացուցչին. Ինչո՞ւ բացատրություններ չի ստացել վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներից, ինչո՞ւ պատշաճ չի ուսումնասիրել Բարսեղյանի տրամադրած տեսագրությունները, ինչո՞ւ չի պարզել, թե ինչ իրավունքով է  Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Գ.Թադեւոսյանը խլել ԺԱԱ ակումբի նախագահ Ն.Հակոբյանի ավտոմեքենայի բանալիները եւ այլն: Լսելով նրանցից որոշ պատասխաններ, դատավորը վերցրեց քննիչի նախապատրաստած բոլոր նյութերը ուսումնասիրման համար և ընդմիջեց դատաքննությունը մինչև սեպտեմբերի 16-ը ժամը 16-ը: Մուտքն ազատ է, հայտնում է asparez.am-ը: