Home / Հայաստան / ՀՀԿ փոխնախագահն անհանգստացած է ՀԱԿ ակտիվիստի ճակատագրով

ՀՀԿ փոխնախագահն անհանգստացած է ՀԱԿ ակտիվիստի ճակատագրով

Իշխանությունները Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսության առնչությամբ պատրաստ են ցանկացած զարգացման, պատրաստ են երկխոսություն վարել կամ չվարել, բայց անկախ այդ երկխոսության արդյունքից` երկիրը կապրի այնպես, ինչպես ապրել է: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Բաց են դռները, էնպես չի, որ ամրոց ենք ստեղծել, հիմա ուզում ենք գրավել այդ ամրոցը»,- ասել է Սահակյանը:

Այն, որ Կոնգրեսը երկխոսությունը վերսկսելու համար պահանջում է ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, Սահակյանը «պրիմիտիվ սցենար» է անվանել:

«Եթե դրա հետ է կապված, հենց այսօրվանից էլ կասենք` ոչ, որովհետև դա լիազոր այլ մարմնի գործ է, և քաղաքական լուծումենր այդտեղ չեն կարող լինել: Բնականաբար, հասարակության հետաքրքրության առարկա դարձրեցին, դեռևս քաղաքական «ա» ու «բ» չճանաչող երիտասարդին ուղորդեցին մեծ փորձության, որն անհաջողություն դարձավ երիտասարդի համար, բայց ես ինքս էլ որպես հայ մարդ որպես որդի կարող եմ ընդունել ցանկացած երիտասարդի, բայց խնդրի լուծումը ոչ թե զգացական  կամ քաղաքական է, այլ իրավական դաշտի խնդիր է: Այլ բան է, որ մենք ավելի ուշադրություն դարձնենք, օրենքի շրջանակներում ինչ հնարավոր է կանենք երիտասարդի համար, որպեսզի ուրիշի պատճառով  երիտասարդը այս պայմաններում իր ճակատագրի նկատմամբ հարվածներ չունենա»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը: