Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքի բացման արարողությունից առաջ Մինաս Ավետիսյանի որմնանկարների Գյումրի վերադարձնելու համար պայքարող խումբը թռուցիկներ է տարածել հանդիսավոր արարողությանը մասնակցելու եկած մարդկանց:
Թռուցիկներում նշված էր, որ «չնայած Հայաստանի իշխանությունները հայտարարել են այդ որմնանկարները պետության սեփականություն», սակայն իրենք (ակցիայի մասնակիցները) վերադարձնելու են դրանք Գյումրի քաղաք` «երբ էլ լինի, ինչպես էլ լինի»:
«Օդանավակայանի շենքում դուք տեսնելու եք հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի վրձնին պատկանող «Թել են մանում» (մեկնման սրահ) և «Երկանք» որմնանկարները (նախագահական սրահ), որը 70-ականների սկզբին ստեղծվել է գյումրեցի բանվորների և աշխատավորների վճարած գումարներով. տասնյակ հազարավոր մարդիկ իրենց աշխատավարձերից մասհանումներ և նվիրատվություններ են կատարել, որպեսզի Մինասն ստեղծի այդ և այլ որմնանկարները: Դրանք տարիներ շարունակ զարդարել են Գյումրին:
Հայաստանի իշխանությունները հայտարարել են այդ որմնանկարները պետության սեփականություն, 2 տասնյակ տարի ոչինչ չեն արել այդ և այլ որմնանկարների պահպանման համար, ապա մեղադրել են գյումրեցիներին` այդ որմնանկարները, իբր չպահպանելու համար, և դրանով հող նախապատրաստելով իրենց մշակութային թալանի համար, կառավարության որոշումներով արդեն 4 որմնանկար տեղափոխել են Երևան, երկուսը կախել են Կառավարության տան պատերից, երկուսը` հանձնել են «Զվարթնոց» օդանավակայանին անհատույց և անժամկետ տնօրինման:
Գյումրեցիներն արդեն հինգ ամիս է պահանջում են քաղաքին վերադարձնել տարված 4 որմնանկարները, կառավարությանն ուղղված բողոքագրերի տակ ստորագրել են ավելի քան 8.000 գյումրեցի, այդ թվում 500-ից ավելի մշակույթի գործիչներ և աշխատողներ: Հայաստանի կառավարությունը մինչ օրս ըստ էության չի պատասխանում այդ բողոք-պահանջագրին, չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչու պետությունը կարող էր 20 մլն դրամ հատկացնել նկարները վերականգնելու, Երևան տանելու և Կառավարական տան պատերից կախելու համար, ու չէր կարող նույն գումարը հատկացնել` վերականգնելու և որմնանկարները Գյումրիում թողնելու համար:
Էդուարդո Էռնեկյանը (արգենտինացի գործարար, օդանավակայանի սեփականատեր – խմբ.) չի պատասխանում Գյումրու 35 հասարակական կազմակերպությունների հունիսի 29-ի նամակ-դիմումին. Երևի, իրեն միայն որմնանկարներն էին հետաքրքրում: Նա պետք է իմանա, որ օդանավակայանում կախված որմնանկարները գյումրեցոնց ունեցվածքն է և նրանք պահանջատեր են: Նա պետք է կռահեր, որ իրեն պատիվ կբերեր այն, որ այդ որմնանկարները իր բարեգործության շնորհիվ վերականգնվեին ու թողնվեին Գյումրիում: Գյումրուց որմնանկարները տանելն ու «Զվարթնոցում» տեղադրելը անարգանք է քաղաքացիների և որմնանկարների իսկական տերերի հանդեպ: Այս ամոթալի թալանի պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է: Նման բան կարող էին միայն ֆաշիստական իշխանություններն անել:
Հարգելի հյուրեր, Հայաստանը միայն Երևանը չէ, Հայաստանը «Զվարթնոց» օդանավակայանը չէ և ոչ էլ Կառավարական տունը: Սերունդների ունեցվածքը համայնքներից Երևան տանելով` մշակութային կյանք չեն խթանում, այլ սպանում են` կշտացնելով իրենց եսը:
Այն որմնանկարները, որ դուք կտեսնեք օդանավակայանի սրահներում, մենք վերադարձնելու ենք Գյումրի քաղաք` երբ էլ լինի, ինչպես էլ լինի: Շնորհավոր ձեր օդանավակայանի բացումը», – նշված է ակցիայի կազմակերպիչների կողմից տարածած նամակում:
Տեքստի տակ Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերադարձման խմբի անունից ստորագրել են Հասմիկ Մելքոնյանը, Վահան Թումասյանը և Լևոն Բարսեղյանը:
Լուսանկարը և տեսանյութը` shirakcentre.org