Home / Հայաստան / Հայաստանյան ընկերությանը տուգանել են 20 միլիոնով

Հայաստանյան ընկերությանը տուգանել են 20 միլիոնով

Այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում որոշվեց լուծվող սուրճի ներկրման ոլորտում խոշոր ծավալներ ունեցող «Մոկոնաթ» ընկերության հանդեպ կիրառել տուգանք  20 մլն դրամի չափով:

Հանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունը տևական ժամանակ լուծվող սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով, իսկ որոշ դեպքերում էլ՝ անհիմն կերպով բարձրացրել է գինը:

Հանձնաժողովը պարզել է նաև, որ մի որոշ ժամանակահատված  էլ «Մոկոնաթը» գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակցներին, այսինքն, ընկերությունը իրականացրել է դեմպինգ, ինչի արդյունքում էլ լուծվող սուրճի շուկայում կարողացել է զբաղեցնել գերիշխող դիրք՝ ներկրման ծավալներով դառնալով առաջատար:

Հանձնաժողովը նշում է, որ, համաձայն ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, լուծվող սուրճի ձեռքբերման գինը կազմել է  820 դրամ, սակայն վաճառքը տեղի է ունեցել գնման գնից անհամեմատ ցածր արժեքով՝ 620 դրամով:

 

«Այս գործելաոճով շուկայում առաջատար դիրքերի հասնելով, ընկերությունը կտրուկ փոխել է իր վարքագիծը և վարել է հակառակ քաղաքականությունը. Նույն 820 դրամով ձեռք բերված սուրճը վաճառել է քառակի անգամ թանկ՝ 3300 դրամով», – նշված է հաղորդագրության մեջ:

Ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի  ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ ապրանքի ձեռքբերման և վաճառքի գները չեն համապատասխանում իրական շուկայական գներին, ինչի հետ կապված բոլոր նյութերն ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե: