Սեպտեմբերի 19-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, կողմերը քննարկել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների և համատեղ ծրագրերի կատարողականի վերաբերյալ հարցեր:
Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը և Շտեֆան Ֆյուլեն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ԵՄ պաշտոնյան ասել է, որ կողմերի ինտենսիվ շփումները համահունչ են Հայաստանում բարեփոխումների օրակարգի ընդլայնմանը:
«Ուրախ եմ հայտարարել, որ Եվրոպական հանձնաժողովը վերջերս է հաստատել Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի պայմանագրի շուրջ բանակցություններն սկսելու որոշումը: ԵՄ-ի խորհրդատվական խումբը շարունակելու է աջակցել հայաստանյան իշխանություններին՝ իր կատար ածելու բարեփոխումներն Ասոցացման համաձայնագրի կարևորագույն ոլորտներում», – ասել է Ֆյուլեն:
Նա նաև նշել է, որ որքան Հայաստանը շատ խորանա բարեփոխումների ուղղությամբ, այնքան ավելի շատ օժանդակություն կստանա ԵՄ-ից՝ ուղղված բարփոխումների իրականացմանը:
««Ավելին` ավելիի դիմաց» պայմանը գործելու է մեր բոլոր հարևանների նկատմամբ: Այն պետությունները, որոնք իսկապես խորը բարեփոխումների ուղիով կգնան, կարող են ավելին ակնկալել Եվրամիության կողմից, այդ թվում նաև ֆինանսների տեսքով: Այսօրվա միտումները պահպանելու դեպքում Հայաստանը հայտնվում է շատ լավ դիրքերում, որպեսզի ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնող թեկնածուներից մեկը լինի այդ «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքից օգտվելու համար», – ասել է Ֆյուլեն: