Երեկ երեկոյան Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները երթ անցկացրեցին, որի ընթացքում պահանջեցին ազատ արձակել օգոստոսի 9-ին բերման ենթարկված և օգոստոսի 10-ին ձերբակալված Տիգրան Առաքելյանին:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը միակն է, ով անազատության մեջ է գտնվում օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Դեպքի մասնակից մյուս վեց ակտիվիստներին` Սահակ Մուրադյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ են արձակել գրավի կամ չբացակայելու ստորագրության դիմաց:
Երթը մեկնարկեց Կորյուն փողոցից` Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից: Երիտասարդները երթն անցկացրեցին Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Ազատության հրապարակ երթուղով:
Երթն ավարտվեց Սարյանի պուրակում, որի մուտքի մոտ երիտասարդներին ծափերով դիմավորեիցն ամենօրյա քաղաքական զբոսանքի ընդդիմադիր մասնակիցները: Երթի ժամանակ երիտասարդները բարձրախոսներով քաղաքացիներին տեղեկացնում էին, որ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել, այնուհետև ապօրինի կերպով ձերբակալվել է: Նրանք նաև վանկարկում էին «Ազատություն Տիգրան Առաքելյանին»:
Ակտիվիստներն ընթացքում բաժանում էին նաև Հայ Ազգային Կոնգրեսի թերթերը և քաղաքացիներին իրազեկում սեպտեմբերի 23-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքի մասին:
«Մենք իրավունք չունենք հետ կանգնել և գցել մեր վրայից մեր պատասխանատվությունը` Հայաստանի Հանրապետության և մեր երեխաների ապագայի նկատմամբ: Եվ ուրեմն սեպտեմբերի 23-ին` երեկոյան ժամը 18.30, բոլորս միասին դեպի Ազատության հրապարակ` ապացուցելու համար, որ լկտի օլիգարխները, հանցագործ ոստիկանները և հանցագործ իրենց նախագահ համարողները ի զորու չեն մեզանից խլել մեր ապագան», – բարձրախոսով հայտարարում էին երիտասարդները: