Երեկ «Հրապարակ» օրաթերթի թղթակիցը ԱԺ բակում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին շնորհավորել է եղբոր որդու և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի աղջկա անցյալ կիրակի կայացած հարսանիքի առթիվ:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է ՍԴ նախագահին հաջողվում տարբեր ազգակցական կապեր հաստատել իշխանությունների հետ, վերջինս պատասխանել է. «Հայաստանում չեմ հանդիպել մի մարդու, որն ազգակցական կապեր չունի մնացած բոլորի հետ»:
Թերթը հիշեցնում է, որ մոտ 2 տարի առաջ Հարությունյանը բարեկամացել է Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ, իսկ ավելի վաղ բարեկամացել էր նաև Լևոն Տեր- Պետրոսյանի եղբոր հետ:
Այն դիտարկմանը, թե Հարությունյանը կարողանում է հատկապես օրվա իշխանության հետ մտերմանալ, նա ասել է. «Իսկ ո՞վ ասաց`օրվա իշխանության: Դուք շատ վատ գիտեք ինձ, իմ ընտանիքը: Հայրս, մայրս ունեցել են 56 թոռ ու ծոռ, և չկա հասարակության մեջ էդպիսի շերտ, որի հետ ես բարեկամական կապ չունենամ»:
Այն հարցին, թե արյդոք Կարեն Կարապետյանի հետ խնամիությունը հեռանկարային է, Հարությունյանը պատասխանել է. «Երեխաներին հարցրեք: Եթե իրար սիրում են, լավ ընտանիք կկազմեն, հեռանկարային է: Ես իրենց ընտանիքին ճանաչում եմ վաղուց, և Կարենով չէ, որ ճանաչում եմ: Կարենի մաման եղել է համալսարանի իմ դասախոսը: Նույնիսկ մայրական վերաբերմունք ուներ իմ նկատմամբ»: