Պաշտպանության նախարարի մամուլ քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է, որ սեպտեմբերի 21-ի տոնական զորահանդեսին մասնակցելու են նաև ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի զինծառայողները` միևնույն ժամանակ հերքելով, թե ռուս զինծառայողները Ռուսաստանի դրոշը պարզած են հրապարակ մտնելու:
Կարապետյանի խոսքով` հայկական բանակի տարբեր ստորաբաժանումների կողքին ռուսական ռազմակայանի զինծառայողները ևս հայկական եռագույնի ներքո հանդես կգան:
«Սրա խորհուրդը թերևս նրանում է, որ այդ ռազմակայանը ակտիվորեն մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը, եւ այս իմաստով այդ ռազմակայանի զորախմբի մասնակցությունը թերևս խորհրդանշում է պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորը հիմքերը: Այստեղ շահարկումների համար որևէ հիմքեր չկան», – ասել է Դավիթ Կարապետյանը:
Նշենք, որ երեկ Epress.am-ի հետ զրույցում Դավիթ Կարապետյանը նշել էր, որ ռազմական շքերթին ռուսաստանյան դրոշի ներքո կմասնակցեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողները: