Իշխանության կազմակերպած շքեղ տոնախմբությունը բացարձակ ցինիզմի տպավորություն է թողնում, խնջույք է ժանտախտի ժամանակ:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում, խոսելով Հայաստանի Հանրապետության 20-ամյակի տոնական միջոցառումների մասին, ասել է հրապարակախոս, թատերագիր Արա Նեդոլայնը:
«Նախ՝ իշխանությունները լեգիտիմ չեն, և իրավունք չունեն առհասարակ մասնակցել անկախության տոնին: Քանի որ, այնուամենայնիվ, նրանք փաստացի իշխանության դերակատար են ու այդ օրը տոն է, իրենք կարող էին գոնե համեստություն դրսևորել և այդ օրը նշել որևէ բովանդակալից նախաձեռնությամբ, օրինակ, Տիգրանին (նկատի ունի ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին – խմբ.) բաց թողնելով ու ընդդիմություն-իշխանություն բանակցությունները վերսկսելու խնդրանք-առաջարկ անելով: Երկրորդը՝ այդ «հաղթական բանակը», որը մեզ ցույց է տրվում, իրեն արատավորել է մարտիմեկյան սպանդին մասնակցելով և շարունակում է արատավորել ամեն օր, ամեն շաբաթ` դառնալով հայաստանցի երիտասարդների զանգվածային ստրկացման, ստորացման, խոշտանգման և սպանության վայր: Բանակով կեղծ պարծենալու փոխարեն, իրեն կառավարություն կոչող խումբը կարող էր հայտարարել, որ գիտակցում է բանակի խնդիրները, ինչ-որ չափով գոնե դրա համար պատասխանատվություն է զգում, և պատրաստ է բանակի ռեֆորմ անցկացնել, կամ՝ հասարակական լայն քննարկում սկսել այդ հրատապ հարցի շուրջ: Անկախության օրը կարող էին ինչ-որ ձևով խոստովանել, որ երկրում բացակայում է պետական զարգացման ու արտաքին քաղաքականության որևէ ռազմավարություն, եղածը վաղուց ձախողվել է, ինչի հետևանքով մենք գտնվում ենք այսօր անկախության կորստի լուրջ վտանգի առջև», – նշել է Նեդոլյանը:
Նրա խոսքով` շռայլ տոնակատություններ կազմակերպելու փոխարեն՝ իշխանությունները կարող էին հիշել այդ օրն այն հարյուրհազարավոր մարդկանց, որոնց համար անկախությունը չդարձավ արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի գրավական, այլ բերեց միայն աղքատություն, անելանելի կարիք, արտագնացության դրդեց:
«Նրանք կարող էին ասել այդ մարդկանց, թե ինչ են պատրաստվում անել, որ անկախության օրը կարողանա դառնալ նաև նրանց տոնը: Իհարկե, այդ ամբողջը, և դրանից ոչ մի բանը չի արվելու, որովհետև տոնակատարության կազմակերպիչները որևէ առնչություն չունեն և’ անկախության տոնի, և’ սահմանադրական հանրապետության հետ, որը հանդիսանում է հենց այն Հայաստանը, որի անկախության օրն է: Այդ իշխանությունները, և իրենց կազմակերպված տոնը, ուրեմն, առնչություն չունեն իրականության հետ առհասարակ, և իրենց կազմակերպած շոուն վիրտուալ է, սուտ է, խաբկանք է», – ասել է հրապարակախոսը:
Նեդոլյանի խոսքով` իրական անկախության տոնը նշվելու է սեպտեմբերի 23-ին Ազատության հրապարակում ՀՀ քաղաքացիների կողմից, որոնք և կրում են Հանրապետության ու նրա Անկախության արժեքը, որոնք ստանձնում են պարտականություն կատարվողի համար, և իրական կյանքում իրենց իրական պայքարով ու ստեղծագործությունով մոտեցնում են այն օրը, երբ անկախությունը հասանելի է դառնալու ամեն մեկին: