Օգոստոսի 19-ին զոհված ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Վարդան Սևյանի մայրն այսօր հանդիպել է Գորիսի դատախազության ներկայացուցչի հետ, ով նրան է հանձնել որդու` Վարդան Սևյանի դիահերձման փաստաթղթերը:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանը, ով այցելել է զինվորի մորը՝ Սուսաննա Սևյանին:
Վերջինս իրավապաշտպանին ասել է, որ իրեն ճանաչել են որպես տուժողի իրավահաջորդ և խոստացել, որ Սևյանի գերեզմանի քարի ծախսերը` մոր փոխանցմամբ 2.780.000 դրամ, հոգալու է զինվորական դատախազությունը:
«Մայրն ինձ ասաց նաև, որ իրեն խոստացել են ամեն հարցում օգնել: Ես ամեն դեպքում նրան ասացի, որ եթե նա ցանկանա, մեր կազմակերպությունը կարող է իրավական աջակցություն ցույց տալ»,- մեզ փոխանցել է Վեզիրյանը:
Հիշեցնենք, որ, համաձայն պաշտոնական վարկածի, օգոստոսի 19-ին ժամկետային զինծառայող Վարդան Սևյանը (ծնվ. 1991թ., Ճամբարակի զինկոմիսարիատում հաշվառված) ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում:
Ավելի վաղ Epress.am-ը ներկայացրել էր Հելսինկյան ասոցիացիայի տրամադրած Վարդան Սևյանի մոր հետ զրույցի տեսագրությունը: