Երեկ Սարյանի արձանից բերման ենթարկված «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտարարություն է տարածել, որտեղ պատմել է, թե ինչ է տեղի ունեցել ոստիկանական բաժնում: Հիշեցնենք, որ Բարսեղյանը և Առնո Կուռը գլխավորում էին ակտիվիստների բողոքի ակցիան, որն ուղղված էր ռուսաստանյան դրոշի ներքո Գյումրիում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ստորաբաժանման մասնակցության ՀՀ անկախությանը նվիրված շքերթին:
Հայտարարության մեջ Բարսեղյանը մեջբերում է իր և Առնո Կուռի բերման ենթարկվելուն նվիրված ոստիկանության հաղորդագրությունը. «Ակցիայի մասնակիցներից երկուսը հրավիրվել են ոստիկանության Կենտրոնի բաժին` նրանց անձը պարզելու նպատակով, եւ որոշակի պարզաբանումներ տալուց հետո հեռացել են:»
«Դատելով լրատվամիջոցների մեկնաբանություններից, այս երկտողը վերաբերվում է ինձ և Առնո Կուռին: Արձագանքելով Ոստիկանության երկտողին, պարտավոր եմ հայտարարել հետևյալը.
- Մենք Ոստիկանություն ենք տարվել մեր կամքին հակառակ: Հեռուստատեսային նյութերում, որոնք տեղադրված են մի շարք լրատվական կայքերում, հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանները քաշում ու քաշքշում մեզ: Միայն հստակ գիտակցելով, թե ինչերի են ընդունակ հայաստանյան ոստիկանները, կոշտ դիմադրություն ցույց չենք տվել դրանց:
- Ոստիկանությունում եղած 3 ժամերի ընթացքում մեզ թույլ չեն տվել դուրս գալ սենյակներից եւ մեզ մշտապես ոստիկաններ են հսկել. սա տրամագծորեն հակառակ է հրավիրյալների հետ հարաբերվելու վարքի հանրայնորեն ընդունված կանոններին:
- Ոստիկանները երեք ժամ շարունակ մեզ հետ ոչինչ չեն ճշտել: Ես բաժնի պետի տեղակալին անուն-ազգանունս և ծննդյանս տվյալները հայտնել եմ դեռ Սարյանի արձանի մոտ` իր վատառողջ հետաքրքրասիրությունը բավարարելու համար, իսկ Առնո Կուռը` ոստիկանությունում մեր եղած 3 ժամերի սկզբում է հայտնել անուն-ազգանունն ու իր ծննդյան տվյալները, մենք այլևս հարցի չենք պատասխանել ու չենք զրուցել դրանց հետ, այդ ընթացքում ուրիշ բան մեզնից ճշտել չեն կարողացել, ոչ մի պարզաբանում չեն ստացել: Միայն ժամը 13-ին` մեզ ազատ արձակելուց 5 րոպե առաջ է, որ ոստիկանները փաստաբանի ներկայությամբ մեզնից հարցրել և գրառել են մեր բնակության հասցեները և հեռախոսահամարները:
- Ոստիկանները, փաստորեն հանձնարարություն ունենալով` ամեն գնով խափանել երթը, և չկարողանալավ սադրել որևէ բախում, ավելի ուշ հասկացել են, որ բերման ենթարկելու արձանագրություն չեն կարող կազմել, որովհետև հիմքեր չեն ունեցել այդ անելու համար, որոշել են սրբագրել իրենց արածը` իբր «երկուսը հրավիրվել են ոստիկանություն»:
- Ոստիկանները ստիպված են բացատրություն գտնել բերման ենթարկելու կամ` «հրավիրելու»` տեսագրված իրենց գործողություններին:
- Բերման ենթարկելով, հիշյալ ոստիկանները խախտել են մեր ազատ տեղաշարժի, ազատորեն հավաքվելու և ազատ արտահայտման սահմանադրական իրավունքները, ինչի դեմ նախաձեռնելու ենք համապատասխան դատական գործընթաց:
- ՀՀ Ոստիկանության պետը պետք է վերջ տա իր ենթակաների ապօրինությունները անհեթեթ հաղորդագրություններով կոծկելու փորձերի պրակտիկան», – գրել է Բարսեղյանը: