Home / Հայաստան / Ո՞ւմ համար է ՀՀ նախագահն անընդհատ կրկնում, որ օրենքի առաջ բոլորը հավասար են. նամակ

Ո՞ւմ համար է ՀՀ նախագահն անընդհատ կրկնում, որ օրենքի առաջ բոլորը հավասար են. նամակ

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով ՀՀ վարչապետին ահազանգել է Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 8 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի ապօրինի քանդման առնչությամբ: Պատգամավորը նամակում բարձրացրել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների օտարման հետ կապված օրենքին հակասող փաստերի վերաբերյալ հարցեր:

Նամակում ասված է.

«2008 թվականի մարտի 31-ին վարչապետ Սերժ Սարգսյանի` Կառավարության կողմից հավանության արժանացած Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագրի դրույթների համաձայն` «Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ կառավարության հիմնական նպատակը նախադպրոցական կրթության ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է»:

Փաստորեն, ՀՀ կառավարությունն ասում է, որ Հայաստանում պետք է նախադպրոցական հիմնարկները պաշտպանված լինեն:

Սակայն շարունակվում են ծնողների բողոքները մանկապարտեզները քանդելու վերաբերյալ: Վերջերս «Facbook» սոցիալական ցանցում բարձրացվել էր Երեւանի Կենտրոնի թիվ 1 մանկապարտեզի փակվելու մասին լուրը, որի մասին հարցում եմ արել Երեւանի քաղաքապետին, իսկ այսօր ինձ են դիմել Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 8 հասցեում գտնվող թիվ 26 ՆՈՒՀ հաճախող 100 երեխաների ծնողներ եւ հայտնել են այն մասին, որ այդ մանկապարտեզը ենթակա է քանդման:

2007 թվականից այս խնդիրն անընդհատ բարձրացվել է, և ես անձամբ եղել եմ մանկապարտեզում, որը, չնայած ունի հիմնանորոգման կարիք, սակայն իր խաղահրապարակով և կանաչ պարտեզով երեխաների համար հրաշալի տարածք է:

Ստիպված եմ կրկին հիշեցնել 2005 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ կետի մասին, որի համաձայն` ՙՊետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով»:

Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե

ո՞ւմ համար է ՀՀ նախագահն անընդհատ կրկնում, որ օրենքի առաջ բոլորը հավասար են,

ո՞վ է այս պարագայում վեր կանգնած ՀՀ օրենքից, եւ իշխանությունը երբեւէ դրսեւորելո՞ւ է արդյոք քաղաքական կամք` ՀՀ օրենքը վեր դասելու որեւէ մեկի (իհարկե ոչ` պատահական) անձնական շահերից,

ի՞նչ հիմնավորմամբ է Արաբկիր վարչական տարածքի ղեկավար պարոն Մուշեղյանը երեխաների ծնողներին հայտարարել մանկապարտեզը քանդելու մասին, եթե Երեւանի աշխատակազմի կրթության վարչության պետ տիկին Սողոմոնյանը նրանց նամակով վստահեցրել է, որ այդ շենքը կքանդվի միայն մանկապարտեզի համար նոր շենքը կառուցելուց հետո»: