Շուտով բրիտանացի գիտնականները Եվրոպայում առաջին անգամ ցողունային բջիջների (Ցողունային բջիջները մարդու բոլոր օրգանների և հյուսվածքների բջիջների նախատիպերն են, որոնցից կազմվում են մնացած բոլոր տեսակի բջիջները -Epress.am) օգտագործմամբ աչքի առաջին վիրահատությունները կիրականացնեն: Տեսողության լուրջ կորստով տառապող 12 հիվանդներ համաձայնել են մասնակցել սինթետիկ աչքերի աճեցման փորձին, հաղորդում է BBC-ն:
Բրիտանացի գիտնականները փորձն իրականացնելու են ամերիկացի մասնագետների հետ համատեղ, քանի որ վերջիններս ցողունային բջիջները վիրահատության մեջ օգտագործելու մեծ փորձ ունեն: Հարկ է նշել, որ նման վիրահատության ընթացքում օրգանիզմի կողմից նոր օրգանի մերժման հնարավորությունը նվազագույնի է մոտենում, քանի որ նման պայմաններում ստեղծված օրգանը օտարածին բջիջներ չի պարունակում:
Նշենք, որ ցողունային բջիջների օգտագործումը արդյունավետ է ավելի քան 50 ծանրագույն հիվանդությունների բուժման, այդ թվում` արյան քաղցկեղի, լիմֆատիկ և իմունային համակարգերի խանգարումների, ուղեղի և սրտի ծանր հիվանդությունների համար: Բացի այդ, ցողունային բջիջները լավ արդյունք են տալիս պրոթեզավորման, արյունատար անոթների և այլ օրգանների աճեցման, ինչպես նաև օրգանիզմի երիտասարդացման գործընթացում:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսին Շվեդիայի Թագավորական Կարոլինի համալսարանի հիվանդանոցի գիտնականները սինթետիկ շնչափողի փոխպատվաստման աշխարհում առաջին հաջող վիրահատությունն էին իրականացրել: Օրգանն ամբողջությամբ ստեղծվել էր լաբորատոր պայմաններում` հիվանդի սեփական ցողունային բջիջներից: