Որպես ռասիզմի և այլատյացության ծայրահեղ դրսևորումը՝ ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, հայերը բարոյական պարտք ունենք ապագա ցեղասպանությունների կանխարգելման գործում: Այս մասին ՄԱԿ-ի 66-րդ Ասամբլեայում հնչեցրած իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ռասիզմի և այլատյացության վերացումն ու հանդուրժողականության արմատավորումը կարող է դառնալ իրապես գործուն մեխանիզմ, եթե ուղեկցվի պատասխանատվության հստակ սահմանումով: Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործած ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է բազմաթիվ երկրների, խորհրդարանների, միջազգային կառույցների, ցեղասպանագետների հանրության կողմից: Ինչը, ցավոք, չենք կարող ասել Թուրքիայի Հանրապետության մասին, որը շարունակում է վարել մարդկության հանդեպ իրականացրած այս ոճրագործության ժխտման քաղաքականություն:
Առանց ճանաչման և դատապարտման հնարավոր չէ կանխարգելման արդյունավետ մեխանիզմների մշակումն ու կիրառումը, ինչը ՄԱԿ-ի առաջնահերթություններից է: Հայաստանը շարունակելու է գործադրել իր ողջ կարողությունները ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման նպատակով», – նշել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ՀայաստանԹուրքիա կարգավորման գործընթացին:
«Թեև մեր նախաձեռնությունը ողջունվեց ու լայն աջակցություն գտավ միջազգային հանրության կողմից, 2009 թվականին ստորագրված արձանագրությունների վավերացումն ու իրականացումն ամեն կերպ վիժեցվում են Թուրքիայի կողմից:
Ժամանակն է, որ մեր տարածաշրջանի երկրների առաջնորդները փորձեն վեր կանգնել նեղ քաղաքական օրակարգի թելադրանքից` գնալով լուծումների, որոնք ուղղված են սերունդների խաղաղ ու բարեկեցիկ ապագային:
Ուզում եմ հավատալ, որ հեռու չէ այն օրը, երբ մեր տարածաշրջանը համատեղ ջանքերի շնորհիվ կսկսի ընկալվել ոչ թե որպես սահմանագիծ, այլ քաղաքակրթությունները միավորող ամուր և կայուն կամուրջ», – ասել է Սերժ Սարգսյանը: