ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը երազում է տեսնել Հայաստանի հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Այս մասին նա այսօր հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը:
«Երբ որ նոր էի ընտրվել Ֆեդերացիայի նախագահ, միշտ ասում էի, որ խնդիրը դրված է մտնել Աշխարհի և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Գիտեք ինչ, կարող ա չստացվի, համենայնդեպս էս հավաքականը էն հավաքականն ա, որ դուրս ա գալիս խաղադաշտ հաղթելու համար: Էս տղաները մի րոպե գլուխ չեն պահում: Նրանց առաջ խնդիր ա դրված հաղթել երկու խաղում, և, դա կլինի փլեյ-օֆով, թե ուղիղ…. Իմ երազանքն ա իմ երկրի հավաքականին տեսնել Ուկրաինայում և Լեհաստանում տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությունում: Մենք անելու ենք ամեն ինչ, բայց եկեք չմոռանանք, որ ֆուտբոլն այնպիսի խաղ է, որ կարող է նաև ինչ-որ բան չստացվի», – նշել է Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է պարգևավճարներին, Հայրապետյանն ասել է, որ այդ մասին չեր ցանկանա բարձրաձայնել, քանի որ այժմյան թիմի համար փողը կարևոր չէ:
«Ես գումարների մասին առհասարակ սիրում եմ քիչ խոսել: Եթե խոսքը վերաբերվեր մեր առաջվա հին հավաքականին…էն ժամանակ արխաին ասում էի, որովհետև էդ մարդիկ ուրիշ մտածելակերպ և ուրիշ հոգեբանություն ունեին, նրանց փողն էր հետաքրքրում: Իսկ էս տղաների մոտ քիչ եմ ուզում էդ ֆինանսական բաների մասին խոսամ, որովհետև իրանք խաղում են իրանց երկրի, ժողովրդի, երկրպագուների համար և ուզում են հաճույք պատճառել մեզ բոլորիս: Չեմ ուզում խոսամ փողի մասին, որովհետև տղաների համար մի քիչ վիրավորական կարող ա լինի: Այնուամենայնիվ ես նշել եմ, որ նրանք ստանալու են իրենց արժանի պարգևը, ու, իմ կարծիքով, ամենամեծ պարգևը ժողովրդի գնահատականն է», – ասել է Հայրապետյանը:
Անդրադառնալով հոկտեմբերի 7-ին կայանալիք Հայաստան-Մակեդոնիա հանդիպման տոմսերի` սպառված լինելուն, ՀՖՖ նախագահն ասել է, որ իր ղեկավարած կառույցը վաճառքի գործընթացի հետ առնչություն չունի:
«Ավելի լավ, թող վերավաճառվի, ի՞նչ ա էղել որ: Թող ժամանակին գնեին, որ հետո թանգ գնով չառնեին: Մինչև հիմա 2000 տոմս դեռ կա: Մեր ազգը սիրում ա մնա տունը, քնի էնքան ժամանակ, մինչև ուշանա: Ու ընդհանրապես, կուտակումներից խուսափելու համար մի 40 րոպե շուտ գան, համ էլ հավաքականի մարզմանը կերկրպագեն»,ասել է ՀՖՖ նախագահը: